ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել РИА Новости-ին, որում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, Արցախի կարգավիճակի հարցում Երևանի դիրքորոշմանը, ինչպես նաև այն թեմային՝ պատրա՞ստ է արդյոք Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցություններին:
Հայկական կողմը հավատարիմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված շարունակական աշխատանքին՝ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:
«Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դաշնակցային բնույթն արդեն կանխորոշում է մշտական, շարունակական աշխատանքը` դրանց հետագա ամրապնդման և ժամանակակից իրողություններին հարմարվելու տեսանկյունից` պայմանավորված ինչպես ժամանակով, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում մեր ունեցած զարգացումներով: Մենք մտադիր ենք այդ աշխատանքն իրականացնել համաձայնեցված կերպով՝ ելնելով մեր երկրների ժողովուրդների հիմնարար շահերն ապահովելու անհրաժեշտությունից»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարարը:
Նրա խոսքով ՝ երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը միշտ եղել է և լինելու է այս աշխատանքի համար ամուր հիմքը:
«Մենք մտադիր ենք այս աշխատանքն իրականացնել մեր միջպետական փոխգործակցության մեխանիզմների շրջանակներում: Խոսքը նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի, մեծ հանձնաժողովի, համապատասխան մասնագիտացված կոմիտեների շրջանակում միջխորհրդարանական երկխոսության մասին: Դա նաև այլ ձևաչափերով ռազմատեխնիկական հանձնաժողովի շրջանակներում իրականացվող աշխատանքն է: Բնականաբար, այս ամենը խթանվելու է մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ակտիվ համակարգող դերով»,- նշել է նախարարը:
«Հատկապես ցանկանում եմ ընդգծել ինտենսիվ երկխոսության կարևորությունը, որը մենք վարում ենք և մտադիր ենք զարգացնել Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական ծառայությունների մակարդակում», - հավելել է Արա Այվազյանը: