Երևանում կառուցվում է աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցերից մեկը. «Տելեկոմ Արմենիան» հայտարարում է՝ նոր թռիչք է նախապատրաստում՝ օպտիկամանրաթելային հենքի վրա ստեղծելով նոր ցանց: Դրա կառուցումն սկսվել է Դավթաշենից. առաջիկա ամիսներին 10 գիգաբիթ/վայրկյան թողունակությամբ ցանցը հասանելի կլինի հենց այդ վարչական շրջանում:
Հայկ Եսայան, «Տելեկոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն - Նախկինում բոլոր ծառայությունները հիմնված էին լարային, պղնձային ստրուկտուրաների վրա, այսօր ստեղծում ենք նոր ինֆրաստրուկտուրա՝ օպտիկամանրաթելային կապուղիների հենքի վրա, որն աշխարհում լավագույններից մեկն է լինելու:
Գևորգ Գևորգյան, «Տելեկոմ Արմենիայի» տեխնիկական տնօրեն - Նոր ցանցը ծառայելու է որպես հենքային ցանց մեր այսօրվա և ապագայի բջջային ցանցի համար, ինչը նաև կբարձրացնի մեր բջջային հեռախոսակապի և ինտերնետի որակը:
Ցանցը կառուցվում է բացառապես ստորգետնյա ճանապարհով. ապահովվելու է կապի ծառայությունների ամենաբարձր հուսալիությունը՝ միաժամանակ պահպանելով քաղաքի փողոցների էսթետիկ տեսքը: Յուրաքանչյուր բաժանորդ հնարավորություն է ունենալու առանձնացված օպտիկամանրաթելային կապուղի ստանալ:
Հայկ Եսայան - Սա ամբողջովին նոր լուծում է, որն իրականում շատ քիչ քաղաքներում, երկրներում կա: Չկա ամբողջությամբ մայրաքաղաք, որ ծածկված լինի այսպիսի ցանցով:
Դավթաշենում ցանցի կառուցման աշխատանքներում ներգրավված է «Տելեկոմ Արմենիայի» ավելի քան 120 աշխատակից: Անցկացվելու է մոտ 100 կմ մալուխ և 400 կմ-ից ավելի օպտիկամանրաթելային ներշենքային գծեր. ավարտից հետո ցանցին միանալու հնարավորություն կստանան տասնյակ հազարավոր բաժանորդներ: