Հատուկ մարտավարության և կրակային պատրաստության հրահանգիչ, ազդականչը՝ Մուշ:
Այսպես էին Առաջին ալիքի «Հատուկ ջոկատ» հեռուստանախագծի մասնակիցները դիմում իրենց հրահանգիչ Հովիկ Սիմոնյանին։ Զինված ուժերի մայորը նախագծից դուրս նպատակ ուներ՝ ստեղծել երիտասարդ հետախույզների դպրոց։ Դպրոցի ծրագիրը ներկայացրել էր պաշտպանության նախարարություն։
Հասմիկ Ծառուկյան (Հովիկ Սիմոնյանի մորաքույրը) - Անգամ պաշտպանության նախարարությունում ծրագիրը ինքն էր ներկայացրել, և հիացել էին նախարարությունում։ Նախարարը հարցրել էր՝ տղա՛ս, դու Եվրոպայո՞ւմ ես սովորել, հպարտությամբ ասել էր՝ ո՛չ, Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտի շրջանավարտ եմ։
Սկզբում ընտրել էր ինժեների մասնագիտությունը։ Պոլիտեխնիկում մեկ տարի սովորելուց հետո ընդունվեց ռազմական ինստիտուտ։ Ծառայության հետ կապված հարցերը նույնիսկ տան անդամների հետ չէր քննարկում։ Մասնակցել էր 2016-ի ապրիլյան թեժ մարտերին, 2020-ի հուլիսյան դեպքերին։ Հետախուզական խմբի կարգախոսն էր՝ «Վասն հայրենյաց, առանց փառքի իրավունքի»։
Մարինե Ղուզանյան (Հովիկ Սիմոնյանի կինը) - Ավելի շատ ժամանակ աշխատանքի էր, քան տանը։ Տանն ավելի քիչ էր ժամանակ անցկացնում։
Հովիկը գաղտնապահ էր, ծառայում էր լուռ: Հաջողությունների համար նույնիսկ խրախուսանքի խոսք չէր ակնկալում՝ պատմում են հարազատները։
Ընկերը՝ Էրիկ Անթառանյանը, լավ է հիշում: Երբ սկսում էին նախագիծը, Հովիկի պահանջն էր, որ վարողը պարտադիր պետք է մտածի՝ ինչպես հետախույզը: Սա նաև նախագծի կայացման՝ Հովիկի բանաձևն էր:
Էրիկ Անթառանյան («Հատուկ ջոկատ» հեռուստանախագծի հեղինակ և վարող, Հովիկ Սիմոնյանի ընկերը) - Սրտացավ, ուզում էր, որ «Հատուկ ջոկատի» հաղորդավարը իսկական հատուկջոկատայինի նման կրակել իմանա, վազել իմանա։ Տրագեդիայի մեջ էր, երբ ոտքս ջարդվեց։
Պրոֆեսիոնալ զինվորականը բանակի մասին իր պատկերացումն ուներ։ Ուզում էր, որ զինվորականն առաջնորդվեր ոչ թե տարիները օրացուցային սկզբունքով լրացնելու, այլ զինվորական գործին իրական նվիրումով: