Կրթական գերատեսչությունում պարգևատրում են տարվա լավագույն ուսուցիչներին, որոնք համավարակի երկար ու ձիգ ամիսներին կրթությունը հետաքրքիր դարձնելու համար տարբեր ծրագրեր էին մշակել ու գործարկել: Առաջին շնորհակալագրերն ու նվեր համակարգիչները բաժին հասան Աբովյանի ու Ակունքի դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչներին, որոնք համավարակի օրերին շատ արագ օնլայն հարթակ էին ստեղծել ու աշակերտներին խնդիրներ լուծելու այլընտրանք առաջարկել:
Սիմոնյան Գայանե (Ակունքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի) - Տեղադրվում էին որակյալ նյութեր, տեսանյութեր: Մեր հեղիանկած տեսանյութերը պարզ էին դարձնում, ուսումնական նյութը սովորողը կարող էր հարմար ժամանակում մտնել համակարգ, ուսումնասիրել:
Համակարգի միջոցով աշակերտների դասապրոցեսին հետևել են 24/7 ձևաչափով: Հաջողած ծրագիրը հնարավոր կլինի կիրառել նաև մյուս ուսումնական հաստատություններում: Հեռավոր այն դպրոցներում, որտեղ, օրինակ, մաթեմատիկայի ուսուցիչ չունեն:
Լուսինե Ավագյան (Աբովյանի համար 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի) - Աշակերտների ծնողների արձագանքները հավաստեցին, որ այսպես շատ ավելի հարմար էր կազմակերպել հեռավար ուսուցումը, փորձեցինք փորձով կիսվել:
Շիրակի մարզի Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին էլ պարգևատրվում է մեդիագրագիտության ծրագրի համար: Դպրոցում խմբակ է ստեղծել, աշակերտներին սովորեցրել՝ ինչպես տարբերել կեղծ լուրը իրականից:
Կարինե Քոչոյան (Ղարիբջանյան համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի) - Մարդիկ ավելի գրագետ դառնան, կունենան սեփական կարծիքը ամեն ինչի վերաբերյալ:
Նախարարությունը մրցույթի մասնակցության 53 հայտ է ստացել: Հաղթել է 41 ուսուցիչ: Ուսուցիչների նորարարական մոտեցումները գնահատել է հանձնաժողովը՝ ոչ միայն նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլև՝ աշակերտներ:
Վահան Մարտիկյան (Զորավանի միջնակարգ դպրոցի աշակերտ) - Գնահատելուց հաշվի ենք առնում ծրագրի շարունակականությունը՝ իմաստ կա՞, թե՞ ոչ:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ծրագրի նպատակն է՝ ոչ միայն ճանաչենք, այլև խրախուսենք ու տարածենք նրանց փորձը:
Հաղթած բոլոր ծրագրերը նախարարությունը տեղադրել է պաշտոնական կայքում: Այդպես կփորձեն խթանել նորարարական լուծումներով կրթական ծրագրերն ու դրանք կիրառել տարբեր ուսումնական հաստատություններում:
Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան