14 տարվա ընդմիջումից հետո Միշա Մայսկին դարձյալ Երևանում է, սիրով է ընդունել ֆիլհարմոնիկի հրավերն ու կատակում է՝ կորոնովիրուսի համավարակը նաև դրական ազդեցություն ունեցավ՝ ազատ գրաֆիկի պատճառով վերջապես վերադարձավ Երևան: Նվագելու է Չայկովսկի, Բրուխ, Սեն-Սանս և Բեթհովեն: Ինչպես միշտ, հաղորդակցության լավագույն լեզուն համարում է երաժշտությունը:
Միշա Մայսկի (թավջութակահար) - Լավագույն լեզուն երաժշտությունն է: Այն, ինչ դու զգում ես, բառերով արտահայտելը շատ բարդ է: Ես միշտ նախընտրել եմ այն ամենը, ինչ զգում եմ, արտահայտել երաժշտությամբ:
2015-ի ապրիլի 24-ին Բրյուսելի ամենահեղինակավոր դահլիճում՝ «Բոզար» համերգասրահում, վիրտուոզ թավջութակահարը մասնակցեց «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարի բացառիկ համերգին, որը նվիրված էր Մեծ եղեռնի նահատակների հիշատակին: Դահլիճը մեծ խանդավառությամբ ընդունեց կոմիտասյան «Չինար ես»-ի՝ Միշա Մայսկու վիրտուոզ կատարումը: Մայսկին, որ Հոլոքոստի գենետիկ հիշողության կրողն է, պարզապես բառերով չէ, որ գիտի, թե ինչ է ցեղասպանության ոճիրը:
Միշա Մայսկի - Ի՞նչ եմ մտածում ցեղասպանության մասին. դա աղետ է, և այդպես պետք է մտածեն բոլոր մարդիկ: Եվ ես շատ ուրախ էի զգացածս երաժշտության միջոցով արտահայտելու հնարավորության համար: Դա առանձնահատուկ համերգ էր՝ իր մթնոլորտով և ուղերձներով, և ես հպարտ եմ, որ պատիվ ունեցա այդ իրադարձության մասը կազմել:
Վերջին 25 տարիներին Մայսկին 30 ալբոմ է ձայնագրել աշխարհի առաջնակարգ նվագախմբերի հետ, ձայնագրել է թավջութակի համար Բախի բոլոր ստեղծագործությունները և բազմիցս առաջադրվել «Գրեմմի»մրցանակի: Ինչպես է նրան հաջողվում գրեթե կես դար պահպանել գերազանցությունը և մրցակցությունից դուրս լինել. երաժիշտը գաղտնիքներ չունի, անգամ խոստովանում է՝ իրենից շատ-շատերն են լավ նվագում, բայց հանդիսատեսի սրտին հասնելն անբացատրելի հմտություն է:
Միշա Մայսկի - Տարբերությունը տաղանդավոր երաժշտի ու մեծ արտիստի միջև ընդամենը մի քայլ է, բայց ամենաբարդն է ու երբեմն՝ անհասանելի: Ինչպես կան շատ բարձր լեռներ, դուք ուենք բիբլիական Արարատը, բայց կա նաև Մոնբլանը, և կա Էվերեստը:
Թավջութակի մեծ վարպետը երջանկության պարզ բանաձև ունի՝ իր 6 երեխաներն ու երաժշտությունը, որ հավասարապես լուսավորում են վիրտուոզի կյանքը: