Նախորդ գիշերը Բաղրամյան պողոտայում հանգիստ է եղել, Գեղամ Մանուկյանը ամբիոնից հայտարարեց՝ արտառոց ոչինչ չի եղել, լուսադեմը խաղաղ են դիմավորել:
«Հայրենիքի փրկության շարժման» կողմնակիցները փակ պահելով Բաղրամյան պողոտան՝ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վստահեցնում էր, որ եթե ինքը պաշտոն ունենար, ապա մի քանի օրում բազմաթիվ հարցեր կկարողանար լուծել, այդ թվում՝ գերիների վերադարձը:
Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կոչ արեց բանակին և ոստիկանությանն ընդվզել: Հետո ասաց, որ ռազմական դրության չեղարկման համար, եթե պետք լինի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հատ-հատ տներից կբերեն Ազգային ժողով; Մանուկյանը խոսեց Օնիկ Գասպարյանից՝ ասաց, որ 17+ ձևաչափի կողմնակիցները դեմ են ռազմական հեղաշրջմանը:
Գասպարյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը վարչապետն ուղարկել է նախագահին: Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ շարժվում են նախագահի նստավայր՝ կոչ անելով չստորագրել նրա հեռացման մասին հրամանագիրը: Շարժման մասնակիցները հասան Բաղրամյան 26: Նախագահի աշխատակազմից եկան, տեղեկացրին՝ Արմեն Սարգսյանը կընդունի նրանց:
Մինչև հանդիպումը «Հայրենիքի փրկության շարժումը» երթով անցավ Պռոշյան փողոցով դեպի Հրապարակ, նորից վերադարձան Ազգային ժողովի դիմաց: Արթուր Վանեցյանն ամբիոնից հայտարարեց, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում խնդրել են, որ վերջինս որպես Սահմանադրության երաշխավոր՝ իր լիազորությունների շրջանակներում հանգուցալուծի երկրում ստեղծված արտառոց վիճակը: Եկել են համաձայնության, որ առաջնահերթ է պետական շահը, բոլորը առաջնորդվելու են պետական շահի առաջմղմամբ:
Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ եթե բանակը ոտքի չկանգնի, իրենք կկանգնեցնեն: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն ասաց, որ սկսվում են Հայաստանի ամենավճռական օրերը: Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի հասնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությանը, բանակը ոտքի կկանգնի: Նորից շեշտեց, եթե չկանգնի, իրենք կկանգնեցնեն:
Հարթակից տարբեր ելույթներ հնչեցին, հետո դիմեցին նաև մարզերի բնակչությանը՝ վճռական օրերն առջևում են, պետք է պատրաստվեն կոնկրետ քայլերի, իսկ գիշերը կմնան պողոտայում, վրաններում, որտեղ տաք սուրճ և թեյ են բաժանում: