«Պատրաստված է Հայաստանում» ապրանքանիշի հագուստն ու կոշիկը, այս անգամ նաև փոքր պարագաների հետ, ցուցադրվում է Մոսկվայում միջազգային «ՍիՓիԷմ» նորաձևության ցուցահանդեսին: Մեկ ընդհանուր տաղավարում Հայաստանի թեթև արդյունաբերության ներուժն են ներկայացնում ավելի քան 10 ընկերություն՝ 5900 BC ապրանքանիշի ներքո: Արտադրող, դիզայներ, միջազգային ու տեղական փորձագետները համատեղ ուժերով ստեղծել են բարդ լուծումներով մի հավաքածու ու ներկայացել են հայկականի անվան տակ՝ դառնալով արդեն նորաձևություն թելադրող:
Արաքսյա Գրիգորյան (ՄԱԱԶԿ ծրագրերի համակարգող) - Այս անգամ 2021-2022 թթ. աշուն-ձմեռ հավաքածու ենք ներկայացնում, ստեղծված է բավականին հետաքրքիր, նորարարական լուծումներով: Քանի որ մենք մասսայական սեգմենտում չենք կարող մրցել, մեզ պետք է նորարարական միտք, և դա գրավում է մարդկանց, գալիս են, հետաքրքրվում են:
Գնորդի գրպանին զգալի հարված հասցրած համավարակի պատճառով ցուցահանդեսի կազմակերպիչներն այս անգամ գրավելու նոր միջոց են մտածել, թանկարժեք հագուստի և կոշիկի հետ ցուցադրվում են նաև փոքր աքսեսուարներ: Հայկական տաղավարից ուշադրության կենտրոնում Գյումրուց ժամանած նորարար արտադրանքն է, պատրաստման ձևը գաղտնի են պահում:
Կարեն Գոմցյան (արտադրող) - Այս անգամ նորույթով ենք ներկայանում, չպատռվող զուգագուլպաներ են, հումքը Հայաստանից է, նորագույն տեխնոլոգիաներով են պատրաստվում, հետաքրքրությունը շատ մեծ է, ունենք մեծաքանակ պատվերներ:
Այս անգամ հայ արտադրողին օգնության է հասել ռուսական «Սկոլկովո» նորարարական կենտրոնի հայկական մտքի արգասիքը՝ ոտքի սկան ապարատը, որ կորոշի գնորդի ոտքի չափը հստակ չափերով: Հայկական կոշիկն օնլայն վաճառքի տիրույթում ՏՏ նոր տեխնոլոգիաներով համաշխարհային շուկա դուրս բերելու նպատակ ունեն: Նաև հեռախոսային հատուկ ծրագիրը կորոշի, թե ում ոտքին որ կոշիկն է հարմար ու համաշխարհային ապրանքանիշների հետ կառաջարկի գնորդին նաև հայկական կոշիկ:
Արման Չուգուրյան («Սկոլկովո» տեխնոպարկի «Try fit» ընկերության համահիմնադիր) - Հայկական կոշիկի արտահանման հետ կապված հսկայական հնարավորություններ է տալիս, ուզում ենք նաև, որ այս նորույթը լինի Հայաստանում կոշիկ գնելու նոր կուլտուրա, նաև բանակի համար մեծ օգուտ կարող է տալ, արդյունքում ամեն զինվոր կունենա հենց իր համար պատրաստված կոշիկը, արդյունքում պահեստում կոշիկ շատ քիչ կմնա:
CPM-ի 35-րդ սեզոնը նվիրված է նորաձևության ոլորտի վերաինտեգրմանը։ 17 երկրների 550 բրենդներ Մոսկվա են բերել աշուն-ձմեռ 2021-22 սեզոնի նոր հավաքածուները: Համավարակի պասիվությունից հետո շուկան սկսում է ակտիվանալ: Ռուսական ու եվրոպական նորաձև հագուստի արտադրության և վաճառքի ոլորտները ներկայացնող առաջատար մասնագետներն այստեղ են:
Արաքսյա Գրիգորյան (ՄԱԱԶԿ ծրագրերի համակարգող) - Այս դժվար տարում շուկայի հետ կապը համարյա կտրվել էր, բայց քիչ-քիչ վերականգնում է:
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն ծրագիրը՝ Ռուսաստանի ֆինանսավորմամբ, մի բրենդի ներքո հայ արտադրողին կշարունակի ներկայացնել մի շարք միջազգային ցուցահանդեսներում՝ նպաստելով արտահանման ծավալների մեծացմանը: