Արցախյան պատերազմը շատ խորը հետքեր է թողել. պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած տղաներին ամեն գնով պետք է ինտեգրել հասարակությանը: Զինհաշմանդամներին՝ սպորտում ինտեգրելու նախաձեռնությամբ հանդես է եկել պարաաթլետիկայի Հայաստանի ֆեդերացիան՝ կազմակերպելով զինհաշմանդամների համար առաջին մարզական հավաքը, իսկ ֆինանսավորումն ապահովել է անհատ Գուրգեն Արսենյանը:
Տղաներին պրոֆեսիոնալ մարզիկներն ու մարզիչները փորձում են տարբեր մարզաձևերում: Որոշների մոտ արդեն հաջողություններ են նկատվում, իսկ ոմանք էլ հստակ որոշել են, որ շարունակելու են սպորտով զբաղվել: Կազմակերպիչներից Արամը վստահեցնում է, որ ծրագիրը, միանշանակ, կայացավ ու որ ամենակարևորն է՝ այն շարունակական բնույթ է կրելու.
Արցախյան պատերազմում ոտքը կորցրած Արան միայն դրական լիցքերով է հեռանալու Ծաղկաձորից ու նշում է, որ հնարավորության դեպքում կրկին կմասնակցի նման հավաքների: