Էկոնոմիկայի նախարարությունը, Ագրարային համալսարանն ու Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնը անասնաբուժությունում ստեղծում են նոր՝ կենդանիների պատվաստողների օղակ։ Շուտով վերապատրաստված 50 պատվաստողներ կհամալրեն երկրի անասնաբույժների շարքերը։ Նրանցից 10-ն արդեն հավաստագրեր ստացան։ Հայաստանում անասնաբուժությունը համարվում է ծերացող մասնագիտություն և խնդիր կա նոր կադրերով համալրել անասնաբույժների թիվը։
Տիգրան Գաբրիելյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Անասնաբույժ մասնագետի գործը լինելով դժվար և ոչ հրապուրիչ՝ ոչ բոլորն են ցանկանում դառնալ անասնաբույժ։ Բայց ուզում եմ հավաստիացնել, որ մասնավոր անասնաբույժի մասնագիտությունը բավականին շահավետ ու հետաքրքիր աշխատանք է։
Պետությունն այժմ ֆինանսավորում է որոշ հիվանդությունների պատվաստումը, որին կարող են միանալ նաև հնգօրյա դասընթաց անցած պատվաստողները։ Նրանք կարող են պատվաստումներ անել ու վճարվել իրենց իսկ համայնքներում՝ ասում է էկոնոմիկայի նախարարի տեղակալը։
Տիգրան Գաբրիելյան - Սա նաև լավ հնարավորություն է համայնքների համաչափ զարգացման համար, նաև անասնաբույժների պակասն է լրացնում։ Մենք կարծում ենք, որ հետագայում այս խմբերում կլինեն մասնակիցներ, որոնք կդիմեն Ագրարային համալսարան՝ ստանալու անասնաբուժական կրթություն։
Լավ անասնաբույժի կարիք միշտ կա՝ վստահ է փոխնախարարը։ Կենդանիների պատվաստողների դասընթացն անցած Արտյոմը, օրինակ, արդեն կողմնորոշվել է՝ ուսումը շարունակելու է համալսարանում։
Արտյոմ Քոչարյան (Նորամարգ համայնք) - Անասնաբուծությամբ եմ զբաղվում, կատարել եմ որոշ սրսկումներ, ցանկություն ունեմ հետագայում ուսումս շարունակելու։
Արևիկ Աբովյան (Անասնաբուժական բժշկագիտության, անասնաբուծության ֆակուլտետի դեկան) - Հուրախություն մեզ՝ այսօր տեղեկացանք, որ նրանցից մի քանիսն արդեն որոշել են կրթությունը շարունակել Ագրարային համալսարանում։ Այնպես որ՝ սպասում ենք իրենց։
Հավաստագիր ստանալուց հետո նրանք պայամանգիր կկնքեն Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի հետ ու կանցնեն գործի։ Կենդանիներին պատվաստող մասնագետների վերապատրաստման գործընթացը շարունակական կլինի։