Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Նախագծի համահեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ համայնքներում հաշվառված բնակիչների սոցիալական վիճակի հնարավոր վատթարացմամբ և սոցիալական աջակցության ծրագրերի ներդրման անհրաժեշտությամբ: «Խոսքը «Հայխնայբանկում» ներդրված ավանդների մասին է: Այս տարվա բյուջեով շահառուները 1938 թվականին ծնվածներն են: Առաջարկում ենք ավելի մեծացնել հասցեականությունը, մասնավորապես՝ բարելավել թիրախային համայնքների բնակիչների ընդհանուր սոցիալական վիճակը»,- նշեց պատգամավորը:
Արտակ Մանուկյանը, սակայն, տեղեկացրեց, որ ինքը և պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հանում են շրջանառությունից նախագիծը, քանի որ Կառավարության որոշմամբ արդեն իսկ հարցը լուծվել է: Պատգամավորը նշեց, որ գործընկերոջ հետ մտադիր են լայն ուսումնասիրություն իրականացնել «Հայխնայբանկի» ավանդատուների մասով՝ հասկանալու՝ շահառուներից որքանն են արդեն փոխհատուցում ստացել: Նրա խոսքով՝ 2011-ից հետո տվյալների թարմացում չի արվել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց սահմանամերձ համայնքների սոցաջակցության վերաբերյալ Կառավարության վերջին որոշումը: Նա նշեց, որ ըստ որոշման՝ ավելացել են աջակցության տեսակները, նաև աջակցություն ստացող բնակավայրերի թիվը՝ 38-ից դառնալով 77՝ հիմնականում Սյունիքի մարզում: Խաչատրյանը տեղեկացրեց, որ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը որոշում է կայացրել, որ պատերազմի հետևանքները վերացնելու նպատակով աջակցություն ստացող համայնքների թիվը կավելանա ևս 4-ով:
Ավանդների փոխհատուցման հետ կապված՝ փոխնախարարը նշեց, որ 38 համայնքում շահառու է ճանաչվել 16 հազարից ավելի մարդ, ավանդների փոխհատուցումը կազմել է 2.5 մլրդ դրամ, նոր համայնքների ավելացմամբ շահառուների թիվն ավելանում է 17 հազարով, փոխհատուցման չափը՝ 600 մլն դրամ:
Դավիթ Խաչատրյանը նաև հայտնեց, որ սահմանամերձ համայնքներում ավելացել են նոր աջակցության տեսակներ, մասնավորապես՝ ամբողջությամբ փոխհատուցվելու է դպրոցականների դասագրքերի գումարը, ռազմական գործողությունների հետևանքով շենք-շինությունների վնասները, դրամական աջակցություն է ցուցաբերվելու հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 1-ին կարգի հաշմանդամություն ունեցողներին՝ 3 մլն դրամ, երկրորդի դեպքում՝ 2, երրորդի դեպքում՝ 1 մլն, երեխայի հաշմանդամության դեպքում՝ 3 մլն դրամ, զոհվածի ընտանիքին միանվագ կհատկացվի 5 մլն դրամ: