Երևանում կայացան սպորտային մարմնամարզության Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությւոնները: Օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանի ու Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցներում կայացած մրցաշարերում ելույթ է ունեցել 41 մարզիկ: Առաջնությանը թույլատրել են մասնակցել նաև պատանի մարմնամարզիկներին:
Տղամարդկանց բազմամարտում հաղթել է Արթուր Դավթյանը: Վերջինս իր բարձր կարգն է ապացուցել՝ հաղթելով ևս 3 վարժությունում՝ զուգափայտում, հենացատկում և ազատ վարժություններում:
Պտտաձողի վրա 1-ին տեղը գրավել է Գագիկ Խաչիկյանը, օղակների վարժությունում լավագույնն է եղել Արթուր Ավետիսյանը, իսկ նժույգթափերում՝ Հարություն Մերդինյանը:
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է առաջնության արդյունքներից և մարզիկների ելույթներից: Մասնագետը առանձնացրեց նաև պատանի մարմնամարզիկներին, որոնք իրենց ելույթներով ուրախացրին:
Խոսելով մեծահասակների կազմում Եվրոպայի առաջնություններում նորամուտը նշող Գագիկ Խաչիկյանի մասին, Սերոբյանն ասաց, որ վերջինս շատ լավ վարժություն ունի նժույգթափերի վրա, լավագույնս կատարելու դեպքում, նա կպայքարի հին աշխարհամասի առաջնության մեդալների համար:
Հավաքականը առաջիկայում պլանավորում է ուսումնամարզական հավաք, բայց ոչ թե Մինսկում, այլ արդեն Թբիլիսիում: Գլխավոր մարզչի հավաստմամբ՝ Բազելում կայանալիք Եվրոպայի առաջնության կազմն 90 տոկոսով հայտնի է. կմեկնեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը: 5-րդ մասնակիցը կորոշվի ավելի ուշ՝ թեկնածուներն են Արթուր Թովմասյանը և Արմեն Պետրոսյանը:
Կանանց բազմամարտում էլ չեմպիոն դարձավ Աննա Գրիգորյանը, վերջինս հավասարը չուներ նաև հենացատկում, տարբեր բարձրության զուգափայտերում և հավասարակշռության գերանում, իսկ ահա ազատ վարժությունների ոսկին նվաճեց Ինեսա Ջաղինյանը:
Հեղինակ՝ Շուշանիկ Հակոբյան