ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ Հայաստանի դրոշի ներքո հանդես չգալու և ԱՄՆ-ում մշտական բնակվելու որոշմանը:
Նախարարը վստահեցրել է՝ չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ նախարարությունը չի կատարել Լևոն Արոնյանի նկատմամբ: Վահրամ Դումանյանի խոսքով՝ շատ լավ կլինի, եթե Լևոն Արոնյանը վերանայի իր որոշումը:
«Դա սպորտսմենի իրավունքն է. որոշել է, գնում է: Շատ ցավում եմ, որ Արոնյանը նման որոշում է կայացրել: Բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները, որոնցով մենք բոլորս հպարտացել ենք: Շատ լավ կլինի, եթե նա փոխի իր որոշումը և մնա Հայաստանում՝ մեր կողքին, և մենք շարունակենք իր ապագա նվաճումներով ուրախանալ և հպարտանալ»,- ասել է նախարարը: