Շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանն այլևս Հայաստանի դրոշի ներքո հանդես չի գա և մեկնելու է ԱՄՆ՝ մշտական բնակության։ Ֆեյսբուքի իր էջում տարածած հայտարարությամբ Արոնյանը նշել է՝ մեկ տարուց ավելի Կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո ստիպված կայացրել է երկրից հեռանալու որոշում:
Ըստ Արոնյանի՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակության տրամադրումից հետո դա էլ է դադարեցվել:
Այդ ընթացքում, Արոնյանի գնահատմամբ, շախմատի ասպարեզ են ներխուժել սպորտաձևից բացարձակապես անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, պառակտել տարիներով ձևավորված շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի:
Արոնյանին արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
«Լևոնի՝ Հայաստանից տեղափոխվելու որոշումը վերջնական է: Իսկապես շախմատային աշխարհի համար մեծ կորուստ է, և Լևոնն անփոխարինելի է: Կարող եմ արձագանքել՝ կատարված աշխատանքը հանրությանը ներկայացնելով: Կարող եմ ասել, որ իսկապես մեկուկես տարիների ընթացքում մեծ ծավալի աշխատանք է կատարվել: Առաջիկայում նախատեսում ենք բացել Շախմատի վարպետության բարձրագույն դպրոց:
Սա, վստահաբար, մեծագույն նվաճում է լինելու շախմատային աշխարհի համար: Շախմատային հանրույթը վաղուց սպասում էր այս որոշմանը: Այստեղ կերտվելու են հավաքականի ապագա շախմատիստները, որտեղ պրոֆեսիոնալներ են դասավանդելու, անհատական մոտեցում է լինելու յուրաքանչյուր պատանի շախմատիստի: Եվ այստեղ իսկապես Երևանի շախմատի ֆեդերացիան, Երևանի քաղաքապետարանը մեծ ծավալի աշխատանք են կատարել»,- ասել է Հայրապետյանը «Լուրեր»-ի հետ զրույցում: