Փետրվարի 24-26-ն առցանց տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանը: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանն այսօր ելույթ է ունեցել կառույցի տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիայի եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստի ժամանակ:
«Խոսելով Ղարաբաղյան հակամարտության ավարտված լինելու մասին, Ադրբեջանի պատվիրակության իմ գործընկերը սխալվում է: Հակամարտությունը բռնի ուժով լուծելու փորձը, որը Հելսինկյան եզրափակիչ ակտի աղաղակող խախտում է, կարող է դառնալ վտանգավոր նախադեպ ԵԱՀԿ տարածաշրջանի համար և խարխլել ԵԱՀԿ ամբողջ անվտանգային ճարտարապետությունը:
Տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը կարող է տեղի ունենալ միայն հակամարտության համակողմանի կարգավորման միջոցով, ինչը ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, ովքեր արդեն խոսել են այս մասին և հատկապես ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդին: Վերջինս իր երեկվա խոսքում նշել է, որ թեև հրադարարի մասին հայտարարությամբ ավարտվել են ռազմական գործողությունները, երկարաժամկետ առումով հակամարտությունը կարգավորված չէ:
Մենք գնահատում ենք ԵԱՀԿ գործող նախագահության ամուր դիրքորոշումը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն Արցախի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն է շարունակելու աշխատանքները՝ ուղղված հակամարտության համակողմանի կարգավորմանը»,- իր ելույթում նշել է Հռիփսիմե Գրիգորյանը: