ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Գլխավոր շտաբի երեկ տարածած հայտարարությունը: «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Քրեական վարույթ դրա կապակցությամբ դեռևս չկա, այդ հայտարարությունը ուսումնասիրվում է, դրա և դրա շուրջ զարգացումների հնարավոր ռիսկերը մեր ակնդետ ուշադրության ներքո են, և քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցկազմի հատկանիշ պարունակող կոնկրետ գործողությունների տարրեր ի հայտ բերելու պարագայում պարտադիր հետևելու է քրեաիրավական արձագանքը»,- նշել է Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ Զինված ուժերի գլխավոր շտաբը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, երեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր շտաբի հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ: