«Կյանքս՝ հայրենիքիս, պատիվս՝ ինձ». ավագ լեյտենանտ Էդգար Գասպարյանի կարգախոսն էր։ Հավատարիմ կարգախոսին ու զինվորական երդմանը՝ նա գնաց պատերազմ, հայրենիքի պաշտպանության համար ծանր մարտեր մղեց ու անմահացավ։
2010 թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։ Սկզբում որպես սերժանտ՝ հրաձիգ, ապա դասակի հրամանատար ու վաշտի հրամանատարի տեղակալ։ Ծառայակից ընկերների հետ նաև մարտական հերթապահության է մեկնել Տավուշի սահմանամերձ շրջաններ: 2020 թվականի սեպտեմբերի 25-ին Էդգար Գասպարյանը նշանակվեց վաշտի հրամանատար, իսկ երկու օր անց Արցախի դեմ լայնածավալ պատերազմ սանձազերծվեց:
«Սեպտեմբերի 27-ին Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում էինք, երբ Էդգարի հեռախոսին զանգ եկավ. տագնապով կանչում էին զորամաս»,- պատմում է կինը՝ Լիլիթ Կարապետյանը։
Վաշտի նորանշանակ հրամանատար, ավագ լեյտենանտ Էդգար Գասպարյանն իր անձնակազմի հետ Արցախ մեկնեց սեպտեմբերի 29-ին։ Անձնակազմը մարտական էր տրամադրված. մեկնում էին հայ զինվորի ու սպայի կողքին կանգնելու, թև ու թիկունք դարձած՝ հայոց հողը պաշտպանելու։
Նախ մեկնեցին Քարվաճառ։ Շուրջ մեկ ամիս մասնակցեցին պաշտպանական մարտերին։ Երեսուն օր անց Էդգարը վերադարձավ տուն: Թեև ոտքի վնասվածք ուներ, այդուհանդերձ երկու օր անց՝ նոյեմբերի 2-ին, կրկին մեկնեց ռազմաճակատ։ Սկզբում Քարվաճառում էին, այնուհետև մեկնեցին Շուշի։ Պատերազմի ողջ ընթացքում ընտանիքի անդամներին ասում էր, որ Վարդենիսում է, որ ամեն ինչ խաղաղ է։ Սակայն նույն պահին ծանր մարտեր էր մղում՝ պաշտպանելով հայոց բերդաքաղաք Շուշին։
«Շուշիի պաշտպանական գործողություններին էինք մասնակցում: Թշնամին մոտենում էր. մոտավորապես 100-150 մետր էր մնացել, որ հասներ մեզ։ Շատ զոհեր չտալու համար նահանջի հրաման տրվեց։ Երբ նահանջում էինք՝ հայտնվեցինք շրջապատման մեջ»,- պատմում է ծառայակից ընկերը՝ Էրիկ Ավդալյանը։
Թևից վիրավորված վաշտի հրամանատար էդգար Գասպարյանն անմիջապես կազմակերպեց շրջանաձև պաշտպանություն, սակայն թշնամու օղակն ավելի ու ավելի էր սեղմվում։
«Ժամը չորսից տասը պակաս զանգ եկավ մեկ այլ հեռախոսահամարից։ Ինքը չէր թողնում, որ խոսեինք։ Տպավորություն էր, որ ժամանակ չունի խոսելու։ Ասաց՝ Վարդենիսում չեմ, Շուշիում եմ, վիրավոր եմ։ Մամային շատ եմ սիրում, քեզ շատ եմ սիրում, բայց հետ չեմ գալու»,- հուզմունքը զսպելով՝ պատմում է կինը: Հետո մոր հետ է խոսում. «Շուշիի անտառներում ենք, օգնություն չկա, վիրավոր ենք, շրջապատման մեջ ենք»:
Էդգար Գասպարյանի վերջին հեռախոսազրույցն էր կնոջ ու մոր հետ։ Նա հերոսաբար մարտնչեց մինչև վերջ ու փառքով գրեց իր անունը հանուն հայրենիքի ընկած քաջերի շարքում։