Միացյալ նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը լրացուցիչ 2 միլիոն 650 հազար դոլարի հատկացում է արել, որը պայմանավորված է նախորդ տարիների ծրագրերի արդյունավետությամբ։ Ընդհանուր առմամբ՝ 2019-ից մեկնարկած գյուղական տնտեսական զարգացում, նոր տնտեսական հնարավորություններ ծրագրով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորումը հասնում է 5 միլիոն 150 հազար դոլարի։
Սիմոն Սարգսյան (ԱՄՆ ՄԶԳ տնտեսական զարգացման գրասենյակի ծրագրերի ղեկավար) - 800 ֆերմեր մասնակցել է մեր դասընթացներին, 29 բիզնես ստացել է մեր փոքր դրամաշնորհները։ 2019 թվականի ընթացքում մեր աջակցած բիզնեսների շահույթն ավելացել է 11 տոկոսով։
Արդյունքներն ավելին կլինեին, եթե չլիներ համավարակն ու պատերազմը՝ վստահ է տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավարը։ Ֆինանսական նոր հատկացումից 1 միլիոն 150 հազար դոլարն ուղղվելու է կանանց ձեռներեցությանը։ Այն կանայք, ովքեր ունեն բիզնես և ցանկանում են հզորացնել իրենց արտադրական հզորությունները, 15 հազար դոլարի չափով դրամաշնորհ կստանան։ Սակայն աջակցությունը կլինի ոչ թե առձեռն, այլ սարքավորումների տեսքով։
Սիմոն Սարգսյան - Մենք չենք ուզում, որ բիզնեսի փոխարեն անենք ամեն ինչը։ Մենք պահանջում ենք, որ 15 հազար մենք ենք ներդնում, բիզնեսն էլ իր կողմից պետք է ներդրում անի։ Մեր ներդրումը չի կարող լինել ավելին քան 30 տոկոս, որը նախատեսված է ծրագրով։ Եթե բիզնեսն ընդլայնվում է 50 հազար դոլարով, մենք կարողանում ենք աջակցել 15 հազար դոլարով։ Եթե 20 հազար դոլար է, էլի 30 տոկոսի չափով, այսինքն՝ 6 հազար դոլարով։
Մտածված մեխանիզմը կապահովի բիզնեսի կայունությունն ու զարգացումը՝ վստահ է տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավարը։ Բացի դրանից՝ դա հնարավորություն է տալիս աջակցությունն առավել հասցեական դարձնել։
Սիմոն Սարգսյան - Գյուղատնտեսությունն այն ոլորտն է որտեղ երկիրը 20 թվականին ունեցել է 1,4 տոկոս աճ։ Մենք տեսնում ենք, որ մեր աջակցությունը բերում է դրական արդյունքների, և մեր բոլոր ծրագրերն ունեն մարդկային դեմք։ Բոլորի հետևում կանգնած է մարդը, իր բիզնեսը։
Նոր ֆինանսավորմամբ կկազմակերպվեն նորարարական գյուղատնտեսական դասընթացների ճամբարներ՝ ագրի քեմփեր, 1 միլիոն 500 դոլարով կաջակցեն կոոպերատիվների ստեղծմանը։ Հաջողակ մասնակիցներին նույնպես սարքավորումների տեսքով փոքր դրամաշնորհներ կհատկացնեն։
Կոտայքում կվերանորոգեն ագրարային համալսարանի մասնաճյուղը, որտեղ էլ կփորձարկեն նորարարական ծրագրերը։