Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը կոշտ է պատասխանել փետրվարի 25-ին Նիդերլանդների Ններկայացուցիչների պալատում ընդունված և կառավարությանը 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող որոշմանը: Աքսոյը նշել է, որ դա պատմությունը քաղաքական դրդապատճառներով վերաշարադրելու «իրավական ուժ չունեցող փորձ է»՝ գրում է ermenihaber-ը:
Մամուլի խոսնակի համոզմամբ՝ խորհրդարանները պատմությունը գրելու և դատելու վայր չեն: Այնուհետև նա անդրադարձել է թուրքական իշխանությունների կողմից Հայաստանին քանիցս ներկայացվող առաջարկին ու պնդել պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը, որին Հայաստանը չի պատասխանել:
«Նիդերլանդների կառավարությունից մեր ակնկալիքն է, որ ընդունի օրենքի գերակայությունը պահպանող վերաբերմունք: Իսկ Ներկայացուցիչների պալատն ավելի ճիշտ կանի՝ վերջին շրջանում հաճախակի արվող՝ իրականությունից կտրված, Թուրքիայի դեմ ուղղված որոշումների փոխարեն ձգտի պայքարել գնալով չափերն անցնող այլատյացության դեմ, որին ամեն օր բախվում է Նիդերլանդների թուրքական համայնքը, իսլամաֆոբիայի և այլոց նկատմամբ թշնամանքի ու, վերջապես, խտրական գործողությունների դեմ, որոնք հանգեցրել են կառավարության հրաժարականին»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը։