«Ավրորան՝ Արցախին» ծրագիրն աջակցության նոր փուլ է սկսել: Պատերազմի ժամանակ անհապաղ օգնության, հիմա իրականացնում է սոցիալական երկարատև զարգացման ծրագրեր: Դրան զուգահեռ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ջանքերով Արցախ են այցելում նաև հայտնի դեմքեր՝ տեղի բնակչությանն օգնելու համար և ուսումնասիրելու Արցախի միջազգային կարգավիճակին նպաստելու հնարավորությունը: Այս անգամ Նոբելյան մրցանակի արժանացած կազմակերպության «Բժիշկներ առանց սահմանների» համահիմնադիր Բեռնար Քուշների գլխավորած պատվիրակությունն է եղել Արցախում:
Բեռնար Քուշներ, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ - Ես այստեղ եմ եղել առաջին պատերազմի ժամանակ և կրկին այստեղ եմ երկրորդ պատերազմից հետո: Երկրորդ պատերազմն ավելի դաժան էր, որովհետև Արցախը պայքարել է կոալիցիայի դեմ, որը գլխավորում էր Թուրքիան: Երկրորդ պատերազմի ժամանակ ունեցել ենք շատ զոհեր, որովհետև օգտագործել են ժամանակակից զենքեր, նաև Սիրիայից վարձկաններ:
Արցախ այցի ընթացքում Բեռնար Քուշներն այցելել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն, զրուցել վիրավոր զինվորների և բժիշկների հետ: Այս կենտրոնը շուտով «Ավրորա» նախաձեռնության աջակցությամբ կբարելավի ենթակառուցվածքները:
Վարդան Թադևոսյան, Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի տնօրեն - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն աջակցում է մեզ՝ վերակառուցելու և արդիականացնել թեքահարթակը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր ունեն անվաթոռի օգտագործման կամ տեղաշարժվելու խնդիրներ, ավելի հեշտությամբ կարողանան օգտագործել թեքահարթակը և այն լինի ավելի տաք պայմաններում, որովհետև մենք առաջին և երկրորդ հարկերն իրար կապում ենք բակի միջոցով:
Ընդհանուր առմամբ՝ մարդասիրական նախաձեռնությունն Արցախում մոտ 6 տասնյակ նախագիծ ունի՝ Թաղավարդի ջրամատակարարում, Ճարտարի հիվանդանոցի բարեկարգում, Մարտակերտում դպրոցի, իսկ Ստեփանակերտում մանկապարտեզի նորոգում:
Նարինե Աղաբալյան, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար - Արդեն 1 600 000 դոլարի օգնություն է ցուցաբերվել Արցախին: Ընդ որում՝ 1 միլիոն դոլար հիմնադիրների կողմից տրամադրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Արցախին օգնելու նպատակով, իսկ 600 000 դոլարի սահմաններում աջակցություն է ցուցաբերվել տարբեր գործընկեր կազմակերպությունների և պետական կառույցների միջոցով:
Բեռնար Քուշներին Արցախում ուղեկցել են «Միջազգային համերաշխություն» կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեն և ֆրանսիացի հետազոտողների միության նախկին նախագահ Պատրիս Ֆրանսեսկին: Նրանք շրջել են Ստեփանակերտում, եղել նաև Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում, որին օգնության ձեռք էին մեկնել պատերազմի օրերին: