«Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնած՝ «Ազգային ժողովրդավարական բևեռն» այսօր առաջին հավաքն է անցկացրել Մատենադարանի տարածքում: Նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, թե իրենք այն ուժն են, որը համախմբելու է ժողովրդի մեծամասնությանը: Ծրագրել էին սկսել մարտի 16-ից, բայց բանակի ղեկավարության երեկվա հայտարարությունն օրակարգը փոխել է:
Ժիրայր Սեֆիլյան, «Ազգային ժողովրդավարական բևեռ» նախաձեռնության համակարգող - Այսօր, հուրախություն մեզ, մեր բանակի անհնազանդության կամ ճշգրիտ դիրքավորման պատճառով մեր նման ուժերին այժմ հնարավորություն է տրվել երևալ մեր ժողովրդին:
Գարեգին Չուգասզյան, «Ազգային ժողովրդավարական բևեռ» նախաձեռնության անդամ - Հավաքվել ենք այստեղ, որ ասենք մեր խոսքը: Գալիս ենք, որպես ուժ ցույց տալու, որ քաղաքական այլընտրանք գոյություն ունի: Բացի օլիգարխիական այն կեղծ այլընտրանքից, որ մեզ ցույց տվեցին հները՝ ասելով, որ սա օլիգարխիա է: Ուզում եք իրե՞նք գան, բայց չէ՞ որ առաջանում է նոր օլիգարխիա:
Արա Պապյան, «Ազգային ժողովրդավարական բևեռ» նախաձեռնության անդամ - Այստեղ միտք հնչեց, որ կան ուժեր՝ ակնարկելով նաև մեզ, որ Ռուսաստանի դեմ են: Մենք Ռուսաստանի դեմ չենք, ընդհակառակը, մենք ուզում ենք Ռուսաստանի հետ ճիշտ հարաբերություններ՝ հենց Ռուսաստանի շահերից ելնելով: