«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողերի վարձակալության, կառուցապատման պայմանագրային պարտավորությունները ստանձնած վարձակալներն ու կառուցապատողները մոտ 270 միլիոն դրամ են պարտք պարկին` «Լուրեր»-ի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից։ Մի շարք վարձակալների հետ պայմանագրերը դադարեցնելու և վարձավճարները վճարել պարտավորեցնելու հարցով ՊՈԱԿ-ը նախաձեռնել է նաև դատական գործընթաց։
Ըստ «Սևան ազգային պարկի»՝ գումարի բռնագանձման ու պայմանագիրը վաղաժամկետ, միակողմանի լուծելու 32 գործ ներկայումս դատարանում է՝ 43.8 միլիոն դրամ հայցագնի չափով, ևս 15 վարձակալի հետ կապված՝ առաջիկայում կպատրաստվեն դատական հայցեր։ Ավելի քան 36 միլիոն դրամի չափով դատական 22 ակտ մտել է ուժի մեջ։ 263 վարձակալ վարձավճարային կետանց չունի, սակայն պայմանագրային պարտավորություններ ունի, իսկ 486 վարձակալ պարտաճանաչ կատարում է պայմանագրային պարտավորությունները։
9 վարձակալ այս ընթացքում ճանաչվել է սնանկ ու «Սևան ազգային պարկը» 27.3 միլիոն դրամի չափով հանդես է գալիս որպես սնանկության գործերի պահանջատեր, իսկ 12 վարձակալի մահվամբ պայմանավորված էլ կուտակվել է 14.2 միլիոն դրամի պարտք։ Առաջիկայում արգելոցի տնօրինությունը նախաձեռնելու է ևս 61 վարձակալների հետ միակողմանի, վաղաժամկետ դադարեցնել պայմանագրերն ու առաջարկներ է պատրաստում։ Այդ վարձակալներն ունեն 22 միլիոն դրամի պարտք։
Վերջին 2 տարիներին «Սևան ազգային պարկի» տարածքից կառուցապատման ու վարձակալության հանձնված մակերեսի ծավալները նվազել են։ Վերջին 5 տարվա դինամիկայով այն ունի հետևյալ տեսքը՝
2015-ին՝ 2167.37 հեկտար,
2016-ին՝ 2164.33 հեկտար,
2017-ին՝ 2164.33 հեկտար,
2018-ին՝ 2172.81 հեկտար,
2019-ին՝ 2162.41 հեկտար,
2020-ին՝ 2143.94 հեկտար:
Շրջակա միջավայրի նախարարությունից «Լուրեր»-ին հայտնել են, որ անցյալ տարվա օգոստոսից մինչ դեկտեմբերի 31-ը դադարեցվել է 7 պայմանագիր՝ 13.40 հեկտար մակերեսով։ Վերջին 6 տարում «Սևան ազգային պարկի» ողջ վարձակալական գումարները հասել են 984 միլիոն դրամի։
«Դատալեքս» տեղեկատվական հարթակում կան «Սևան ազգային պարկի» տարածքի վարձակալության ու կառուցապատման պայմանագրերի հետ կապված մի քանի դատական գործընթացի մասին տեղեկություններ։ Սևանա լճի Սպիտակ Շորժա լողափի տարածքը «Սևան ազգային պարկը» վարձակալության ու կառուցապատման իրավունքով հանձնել է Մոսկվայում բնակվող ճարտարապետ Ռուբեն Չախմախչյանին։ 2020-ի հունիսին պարկի ղեկավարությունը հայց է ներկայացրել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Չախմախչյանից վարձակալության գումարները գանձելու համար, սակայն հայցում եղած խնդիրների պատճառով այն վարույթ չի ընդունվել, իսկ հետագայում այլ հայց չի ներկայացվել։ Ըստ էության, Չախմախչյանը մարել է պարտքերը պարկին։
«Սևան ազգային պարկն» անցյալ տարի դատարան է դիմել նաև Ժորժ Խաչատրյանից վարձակալական գումարի բռնագանձման ու նրա հետ կնքված պայմանագիրը խզելու համար։ Ըստ հայցի՝ պարկը Խաչատրյանից պահանջել է մոտ 400000 դրամ, իսկ դա վճարելուց հետո հրաժարվել է հայցից։ Ժորժ Խաչատրյանը ֆինանսների նախկին նախարար, Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Վարդան Խաչատրյանի որդին է, զբաղեցրել է նաև զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին թեկնածու Հայկ Ավագյանին «Սևան ազգային պարկը» 2005-ին 25 տարի ժամկետով 13000 քառակուսի մետր մակերեսով տարածք է տրամադրել վարձակալությամբ, տարեկան 156000 դրամով։ Անցյալ տարի պարկի տնօրինությունը վերջինից 1.6 միլիոն դրամ է պահանջել՝ որպես կուտակված վարձավճար, սակայն դատարանը չի բավարարել «Սևան ազգային պարկի» հայցը՝ հայցային վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Ավագյանը ներկայումս Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենն է։ 2008-2014 թվականներին Ավագյանը եղել է Երևանում գործող «Պալոմա» հյուրանոցի համասեփականատեր, նրան է պատկանում նաև «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ի 50 տոկոսը։
2007-ին «Սևան ազգային պարկը» 5500 քառակուսի մետր տարածք վարձակալության պայմանագրով հանձնել է «Արմեն-Աքէ» ընկերությանը։ Այս ընկերությունը ևս վարձակալական պարտավորությունները չի կատարել, ու 2020-ի հուլիսին ընկերությունից հօգուտ պարկի բռնագանձվել է 100000 դրամ։ Այս ընկերությունը կապակցված է Գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանի հետ, մասնավորապես՝ ընկերության 19 տոկոս բաժեմասերը պատկանում են ավագ դատախազի կնոջը՝ Էլյա Սնդոյանին, ևս 5 տոկոսը դատախազի բարեկամուհունն է՝ Արմինե Նիկողոսյանինը։
2020-ի հուլիսին «Սևան ազգային պարկի» տնօրեն նշանակվեց Արա Խլոյանը։ Նա Գեղարքունիքի նախկին մարզպետ Կարեն Բոթոյանի խորհրդականն ու մորաքրոջ որդին է, Վարդենիսի նախկին քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի եղբորորդին։ Արա Խլոյանը 30 տոկոս բաժնեմաս ունի «Արա» ՍՊԸ-ում, ևս 40 տոկոս ունի նրա հայրը՝ Ֆիրդուս Խլոյանը։ «Հետքը» 2015-ին
գրել էր, որ այս ընկերությունը 14 միլիոն դրամով կապալային աշխատանքների ծառայություններ էր մատուցել Գեղարքունիքի մարզպետարանին։
Վերջին շրջանում «Սևան ազգային պարկի» շուրջ աշխուժություն է։ Փետրվարի 9-ին այնտեղ խորհրդակցություն էր անցկացրել շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ու ընդգծել ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման կարևորությունը։ Փետրվարի 19-ին Գլխավոր դատախազությունը հայտնեց պարկի հետ կապված քրեական գործերի հարուցման մասին։ Ըստ դատախազության՝ «Սևան ազգային պարկի» պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց պարտականությունները, ինչի հետևանքով օրենսդրական խախտմամբ 110 շինություն է կառուցվել։ Նախաքննությունը վարում է Քննչական կոմիտեն։