ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Հայաստանի վիճակի, Ադրբեջանի նախագահի արած հայտարարությունների և զինծառայողների աճյունները փնտրելու ադրբեջանական արգելքի մասին «
Լուրեր»-ի թղթակցի հարցերին:
Այն, ինչ կատարվում է Հայաստանում, Հայաստանի ներքին գործն է՝ նախօրեին ռուս բարձրաստիճան պաշտոնյաների դիրքորոշումը վերահաստատել է Զախարովան:
Ռազմագերիների և զինծառայողների մարմինների որոնումների արգելքի պատճառների մասին հարցերով խոսնակը խորհուրդ է տալիս դիմել ռուս խաղաղապահներին: Նրանց դիմելու առաջարկ Զախարովան արել է նաև Ադրբեջանի նախագահի այն հայտարարության կապակցությամբ, թե, իբր, Ադրբեջանը Հայաստանին արդեն փոխանցել է բոլոր ռազմագերիներին:
«Իրավիճակին ամենալավը տիրապետում են մեր խաղաղապահները, որոնք աշխատում են տեղում, դրա համար ճիշտ կլինի դիմել նրանց: Մեր տեղեկությամբ՝ անցած տարվա նոյեմբերի 13-ից ի վեր փոխանցվել է 1684 զինծառայողի մարմին. նրանցից հայկական կողմին է փոխանցվել 1374-ը, ադրբեջանական կողմին՝ 310-ը»,- ասել է Զախարովան: