ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո եղել են մի շարք քննարկումներ, ներկայացվել են առաջարկություններ, կատարվել են փոփոխություններ:
Նախարարը տեղեկացրեց, որ ըստ փոփոխության՝ բուհերի հոգաբարձուների խորհրդի կազմերը բաղկացած կլինեն 9 անդամից, 4-ի քվոտան տրամադրվում է բուհին: Այդ 4-ի համամասնությունը (դասախոս, ուսանող) որոշելու և առաջարկելու է ակադեմիական խորհուրդը: Հոգաբարձուների խորհուրդները պետք է ձևավորված լինեն օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում: Մեկ ամսվա ընթացքում պետք է անդամության առաջարկներ ներկայացվեն: Եթե բուհի քվոտաները չեն ներկայացվում ժամանակին, ապա լիազոր մարմինը իրավունք կունենա չլրացված տեղերը լրացնել իր որոշմամբ:
«Հաշվի առնելով մի շարք առաջարկություններ, այդ թվում նաև բուհերի ռեկտորների առաջարկները՝ մենք առաջարկում ենք մի կողմ թողնել ընտրանքային կարգը և իրականացնել ռեկտորի ուղղակի ընտրություն. ռեկտորին կընտրի խորհուրդը, որը և կհրամանագրի»,- ասաց Վահրամ Դումանյանը:
Ռեկտորի հրաժարականի կամ իր պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում լիազոր մարմնի ղեկավարը ռեկտորի պարտականությունները կարող է տալ պրոռեկտորներից մեկին՝ մինչև մրցույթի անցկացումը: Հոգաբարձուների խորհրդի նախագահը չի կարող լինել տվյալ բուհի ուսանողը կամ աշխատակիցը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծում կատարված փոփոխություններին, այն կներառվի առաջիկա լիագումար նիստերի օրակարգ:
Նշենք՝ խորհրդարանը քննարկել և փետրվարի 11-ին առաջին ընթերցմամբ՝ 77 կողմ, 35 դեմ և 1 ձեռնպահ ձայներով, ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: