Պատերազմում իրենց որդիներին կորցրած ծնողները ևս կարող են օգտվել պետական աջակցությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ մատուցվող ծառայություններից. կառավարությունը հավանություն տվեց 2015 թվականի մայիսի 27-ի N568-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու նախածին:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ, հաշվի առնելով, հետպատերազմյան շրջանում որդեկորույս ծնողների՝ կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում պետական աջակցություն տրամադրելու կարևորությունը, նախագծով սահմանվել է շահառուների նոր խումբ: Նրանց համար վերացվել են գործող որոշմամբ սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները՝ հնարավորություն տալով Արցախյան պատերազմի ընթացքում որդեկորույս ծնողներին ցանկության և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից:
«Պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառահետևանքային կապով զոհված որդու ծնողների համար չեն գործի անզավակ լինելու, օրենքով սահմանված կարգով ՔԿԱԳ մարմիններում գրանցված լինելու և կնոջ 42 տարեկանը լրացած չլինելու հիմնական պահանջները, որոնք որ գործող որոշմամբ առկա են: Նախագծով հնարավորություն կընձեռնվի, որ որդեկորույս ծնողները ևս մեկ անգամ հնարավորություն ունենան այս վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով վերագտնելու իրենց»,- ասաց Ավանեսյանը: