Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը հանդես է եկել ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ՝ կոչ անելով բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զգոնություն ու զսպվածություն:
««Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ ստեղծվել է պատային իրավիճակ. այլևս ո՛չ գլխավոր շտաբը կարող է հրաժարվել իր հայտարարությունից, ոգչ վարչապետը՝ իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակ հրավիրելու կոչից: Ուստի այս պայմաններում կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զգոնություն ու զսպվածություն և մնալ Սահմանադրության ու օրինականության շրջանակներում, համատեղ որոնել իրավիճակից դուրս գալու տրամաբանական ելքեր՝ չմոռանալով, որ պատերազմը ավարտված չէ, և ամեն պահ կա վերսկսման վտանգը՝ անկանխատեսելի հետևանքներով մեր պետության ու ժողովրդի համար:
Մենք մեր ողջ ներուժը կներդնենք իրավիճակի լիցքաթափմանը և խնդրի հնարավորինս անվնաս հանգուցալուծմանը»,- նշված է «Հանրապետություն» կուսակցության հայտարարության մեջ: