Փետրվարի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ Խաղաղ Դոնի փողոցի բնակիչներից մեկը ավտոտնակում ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Հիշյալ ստորաբաժանման և Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, 36-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերեցին գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփեր՝ լիցքավորված 5․45 մմ տրամաչափի՝ 45 և 7․62 մմ տրամաչափի 40 փամփուշտով։
Տղամարդը ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: