Հայաստանյան իրադարձություններին արձագանքել են նաև պետություններ ու միջազգային կառույցներ: Մոսկվան մտահոգությամբ հետևում է Հայաստանում տիրող վիճակին, բայց կարծում է` այն ինչ տեղի է ունենում Կովկասում, իր սերտ դաշնակցի ներքին գործն է: Հայաստանյան իրադարձություններին անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից ևս հայտարարել են՝ սա Հայաստանի հանրապետության ներքին գործն է:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման անհրաժեշտությունը:
Հայաստանում ստեղծված իրավիճակն են հեռախոսազանգով քննարկել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: Զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ: Ռազմավարական դաշնակից երկու երկրի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելությանը, նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների։
Հայաստանում ընթացիկ զարգացումներին ուշադրությամբ հետևում է նաև Միացյալ Նահանգների դեսպանությունը՝ բոլոր կողմերին հորդորելով հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։ Դեսպանությունն ընգծել է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին։
Կոչեր են հնչել նաև Բրյուսելից: Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին և կոչ է անում զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք էսկալացիայի են տանում: Եվրամիությունը կոչ է արել քաղաքական տարաձայնությունները կարգավորել խաղաղ եղանակով:
Պիտեր Ստանո, ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ - Հայաստանի սահմանադրության համաձայն՝ Զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում և պետք է մնան քաղաքացիական իշխանությունների վերահսկողության տակ: Ժողովրդավարական սահմանադրական կարգի պահպանումը միակ ճանապարհն է Հայաստանի համար՝ հաղթահարելու մարտահրավերները, որոնց բախվել է:
Կոչ եմ անում հայ ժողովրդին տեր կանգնել ժողովրդավարությանը. Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն է հայտարարել ու դատապարտել Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջման փորձը: