Հայաստանի վարչապետին, հավանաբար, մոլորության մեջ են գցել, ինչի արդյունքում նա ոչ ճիշտ տեղեկություն է օգտագործել՝ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Նրա հավաստմամբ՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ չի կիրառել «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը: Ռուսաստանի ՊՆ-ից տեղեկացրել են, որ Հայաստանի «Իսկանդեր» հրթիռների զինամթերքի ամբողջ պաշարը գտնվում է երկրի զինված ուժերի պահեստներում:
«Մեր ունեցած օբյեկտիվ և հավաստի տվյալների համաձայն, որոնք հաստատվել են նաև օբյեկտիվ վերահսկողության համակարգով, նման տեսակի հրթիռային համակարգերից ոչ մեկը ԼՂ հակամարտության ժամանակ չի կիրառվել: Ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետին՝ պարոն Փաշինյանին, մոլորության մեջ են գցել, որի հետևանքով նա ոչ ճշգրիտ տեղեկություն է օգտագործել: «Իսկանդեր Մ»-ը փորձակվել և բազմակի անգամ հաջողությամբ գործարկվել է Սիրիայում՝ ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունների ընթացքում: Դա մեզ հիմք է տալիս պնդելու, որ «Իսկանդերը Մ»-ն իր դասում լավագույնն է, դա ընդունում են բոլորը»,- ասել է Կոնաշենկովը: