Ճանապարհը գյուղի վերջ է տանում: Բնակելի հատվածից հեռու է ապրում չորս երեխայի միայնակ մայրը: Երևանում վարձով են բնակվել, աշխատանքի փնտրտուքը հեռավոր մարզ է տարել: Երեխաների հետ գոմում են աշխատում, օրվա հացի գումար վաստակում:
6-րդ, 7-րդ դասարանի աղջիկները մորն անասնագոմում դասերից հետո են օգնում ու չնայած դրան հաճախ են դպրոցից բացակայում: Մի օր հիվանդ են, հագնելու շոր չունեն, երբեմն էլ ձմռան բուքն է պատճառ դառնում:
Աղջիկները գիտեն՝ եթե լավ սովորեն, խավար տանը մի լույս կվառվի, ավելի լավ կապրեն: Հանրապետությունում դպրոց չհաճախող կամ երկար ժամանակով բացակայող դպրոցականները քիչ չեն:
Վիճակագրությունը ամբողջական պատկերը չի արտացոլում: Բայց հստակ արձանագրում է՝ խնդիրը հիմնականում Արմավիրի, Արագածոտնի մարզերում է, նաև՝ Երևանում: Իրական թվերը բացահայտելու համար Կառավարությունը վերջերս հաստատեց պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը: ԵՄԻՍ.ամ օնլայն հարթակում կրթության կառավարման տեղեկատվական համակարգ է գործարկվել, որում տարածքային կառավարման մարմինները տարբեր գերատեսչությունների հետ միասին կբացահայտեն տեսադաշտից դուրս մնացած երեխաներին, դպրոց կբերեն:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Այս երեխաներին պարզելու համար ամեն եռամսյակը մեկ համադրվելու է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում առկա երեխաների տվյալները պետական ռեգիստրում 6-18 տարեկան երեխաների տվյալների հետ: Այն երեխաները, որոնք պետական ռեգիստրում կլինեն, որևէ հաստատությունում չեն լինի գրանցված, կկարողանանք ի հայտ բերել այն երեխաներին, որոնք որևէ դպրոցում ընդգրկված չեն:
Նոր կարգով խոշորացույցի տակ են լինելու 6 օր անընդմեջ կամ ամսվա ընթացքում ավելի քան 10 օր դպրոցից բացակայող աշակերտները: Հայտնաբերելու են նաև տնային ուսուցման մեջ ընդգրկված, բայց փաստացի կրթություն չստացողներին:
Եթե բացակայության պատճառը հիվանդությունն է, առողջապահության նախարարությունը պետք է հաստատի: Եթե սոցիալական խնդիրներն են դպրոց չգնալու պատճառը, սոցաշխատողները անձամբ կայցելեն ընտանիքներ, համապատասխան քայլեր կձեռնարկեն:
Ներդրված համակարգի, տարբեր գերատեսչությունների գործակցության արդյունքում մինչև տարեվերջ պարզ կլինի Հայաստանում դպրոց չհաճախող երեխաների իրական թիվը: Նոր կարգի ներդրմամբ հստակ պահանջ է դրված՝ կլուծվեն երեխաների կրթության իրավունքը խոչընդոտող բոլոր խնդիրները: