Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակի հարթակից ներկայացրեց, թե 2018 թվականի հեղափոխությունից հետո ինչ է տեղի ունեցել Կառավարություն-զինված ուժեր հարաբերություններում:
Կառավարությունը ոչ մի բան չի խնայել զինված ուժերի համար՝ ընդգծեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ 2019-ին 50 միլիարդ դրամով ավելացվել է ռազմական ծախսերը, պաշտպանական բյուջեն, ավելացվել են բոլոր սպաների, պայմանագրայինների ու շարքայինների աշխատավարձերը:
«Բայց պետք է չթաքցնել, որ բանակում, ցավոք սրտի, այն իշխանությունը, որ երկար տարիներ բանակի հաշվին հարստացել է, դեռևս ունի մի քանի կամակատարներ ՀՀ զինված ուժերում, և նրանք պետք է հեռանան անմիջապես: Ի՞նչ է տեղի ունեցել. նրանք հրապարակներում ինձ փորձում են մեղադրել դավաճանության մեջ: Բա ի՞նչ գործ ունի դավաճանի կոչով այսքան մարդ հրապարակում, նրանք փաստացի ձեզ են ուզում դավաճանության մեջ մեղադրել»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարություններին, թե դեռևս հոկտեմբերին էր զանգում էր բանակ՝ կոչ անելով իշխանությունը վերցնել:
«Նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի, այլ սեփական ժողովրդի դեմ»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ժողովուրդն այսօր հրապարակում կանգնած է, որովհետև գիտի, թե ովքեր են բանակի ու զինվորի հաշվին հարստացածները.
«Էդ հրապարակներում հոխորտացողները, միլիոնավոր դոլարների դղյակատերերը էդ ո՞ւմ մասին են խոսում, էդ ո՞ւմ են մեղադրում դավաճանության մեջ: Սա չի նշանակում, թե ես փորձում եմ իմ որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն դնել ուրիշի վրա: Նրանք մեկ տարի է՝ մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, բայց ընդամենը մի քանի օր առաջ մերժվածը հրապարակայնորեն հայտարարում է, որպես հպարտության նշան, որ ինքը համաձայնել էր 7 շրջանները հանձնել Ադրբեջանին: Բա որ դուք ամեն ինչ պայմանավորվել էիք արդեն ու համարում էիք, որ դա լավ լուծում է, ինչո՞ւ էիք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ, բաց նամակով հանդես գայիք, ասեիք՝ գնա, ստորագրի այդ թուղթը: Խոստովանեիք ժողովրդի առաջ»:
Մենք հավատացել ենք բանակին, մենք հենվել ենք բանակի վրա ու մենք այսօր էլ ենք հավատում բանակին՝ հրապարակում հայտարարեց Կառավարության ղեկավարը՝ վստահություն հայտնելով, որ ժողովուրդը թույլ չի տա, որ բանակին ներքաշեն քաղաքական պրոցեսների մեջ: