Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում»,- գրել է նա:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը քիչ առաջ հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ:
ԶՈՒ-ն հայտարարությամբ նաև պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:
«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:
ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ:
Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»»,- ասված է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, նաև 3 տասնյակից ավելի բարձրաստիճան սպաներ:
Կառավարությունում աշխատող «Լուրերի» թղթակիցը տեղեկացրել է, որ ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո կառավարություն են եկել, այնուհետև առանց լրատվամիջոցների հետ զրուցելու հեռացել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու իշխանական այլ պատգամավորներ: