Չինաստանը հաղթահարել է աղքատությունը՝ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը երկրում աղքատության դեմ պայքարում հաղթանակի մասին է ազդարարել: Երկրի առաջնորդը մանրամասնել է՝ վերջին ութ տարիների ընթացքում աղքատության շեմից ցածր ապրող 98,99 միլիոն գյուղացի է դուրս եկել աղքատությունից: Սի Ծինփինը այս հաղթանակը համեմատել է հրաշքի հետ և վստահություն հայտնել, որ այն մնալու է պատմության մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չեղարկել է Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որով օտարերկրացիների համար ԱՄՆ մուտքի մի շարք սահմանափակումներ էին հաստատվել: Բայդենը նաև երկարաձգել է երկրում կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմը:
Աշխարհի ավելի քան 130 երկիր չի ստացել COVID-19 պատվաստանյութի առաջին չափաբաժինը՝ հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը՝ շեշտելով՝ առանց համերաշխության անհնար է հասնել ցանկալի նպատակի: Օդրե Ազուլեն հայտնել է, որ եթե պատվաստումների հետ այս իրավիճակը շարունակվի, ապա զարգացող երկրները չեն ստանա հասանելիություն պատվաստանյութերին առնվազն մինչև այս տարվա վերջ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն ընդգծել է՝ դեռ երկար ժամանակ աշխարհին չի հաջողվի հաղթահարել պանդեմիան։
Այսօր Եվրամիության անդամ երկրների առաջնորդները արտահերթ բանակցություններ կանցկացնեն. օրակարգի գլխավոր թեման կորոնավիրուսի պանդեմիան և կազմակերպության անվտանգության հարցերն են։ Առցանց ձևաչափով հանդիպման առաջին օրը ԵՄ առաջնորդները կքննարկեն աշխարհում առկա պատվաստումների խնդիրները, COVID-ի վկայականների ներդրման հարցը, ինչպես նաև հարցեր՝ կապված ԵՄ երկրներում սահմանված արգելափակումների հետ: Երկրորդ օրը հանդիպմանը կմիանա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: