ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հրավիրել էր խորհրդակցության՝ հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակի և ոլորտի վերահսկողության բարելավման հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալները, մարզային կենտրոնի պետերը:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, կարևորելով կենդանիների պատվաստումների գործընթացը, նշել է. «100 տոկոսով վերահսկել անասնահամաճարակային իրավիճակն առանց կենդանիների հաշվառման ու համարակալման, իհարկե, դժվար խնդիր է, սակայն լիահույս եմ, որ այս տարի համարակալման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները կամբողջացվեն: Իսկ մինչ այդ պետք է ժամանակին սկսել պատվաստումների գործընթացը և համատեղ ուժերով անել հնարավորը կենդանիներին վտանգավոր հիվանդություններից ու վարակներից զերծ պահելու համար»:
Կենդանիների պատվաստումները ժամանակին կատարելու ու հաշվառման գործընթացին է անդրադարձել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը:
«Առկա են թե՛ սիբիրախտի, թե՛ դաբաղի պատվաստանյութերը, որոնք արդեն բաշխվել են ամբողջ հանրապետությունում, սկսվել են պատվաստման աշխատանքները: ՍԱՏՄ մարզային կառույցների և մեր համաճարակաբանների սերտ համագործակցությունն անկասկած արդյունքներ տալիս է»,- ասել է նա:
ՍԱՏՄ մարզային կառույցների ղեկավարներն առաջարկել են կազմել պատվաստումների ժամանակացույց ամսական կտրվածքով՝ հաշվի առնելով մարզերի աշխարհագրական ու կլիմայական առանձնահատկությունները, աշխատանքներն անել հնարավորինս համաձայնեցված՝ ՍԱՏՄ տեսուչի, համաճարակաբանի և անասնաբույժի մասնակցությամբ:
Խորհրդակցության մասնակիցները շեշտել են համատեղ քննարկումների արդյունավետությունը թե՛ անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողության համար առաջացող խնդիրների լուծման, թե՛ անասնաբուժական ծառայությունների առաջնահերթ քայլերի հստակեցման, թե՛ անասնաբույժների վերապատրաստման և նոր կադրերի ներգրավման տեսակետից: