Ես քաղաքական բոլոր ուժերին կոչ եմ անում դադարեցնել բոլոր ակցիաները, դադարեցնել անհնազանդության բոլոր դրսևորումները, եկեք սկսենք խոսակցություն՝ հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Էսպես չի լինի: Շարունակեք հանրահավա՞ք անեք, մե՛նք էլ կանենք հանրահավաք: Քաղաքական հայտարարությունների չափերը անցնե՞ք, օրենքով ուղղակի կձերբակալե՛նք: Մենք ուղղակի ասում ենք՝ արտահերթ ընտրությունների թեման անում ենք, և ես ակնկալում եմ, որ կա՛մ ՀՀ նախագահը կստորագրի ԳՇ պետի ազատելու հրամանագիրը, կա՛մ Օնիկ Գասպարյանը հայտարարի իր հրաժարականի մասին: Բանակը՝ իր գործերով:
Եվ նույնիսկ ամենասուր քնննադատություններով զբաղվող քաղաքական ուժերի հետ ես կոնսուլտացիաներ կսկսեմ, թե ոնց ենք այս իրավիճակը հանգուցալուծում՝ հաշվի առնելով ձեր կարծիքը»,- ժողովրդին դիմելով՝ նշեց Կառավարության ղեկավարը՝ վերահաստատելով, որ ժողովրդի իշխանությունը «կոռումպացված ռեժիմին չեն զիջելու», և «թավիշին վերջ է տրվելու»:
Թավիշին վերջ դնել՝ նշանակում է օրինականության լիարժեք հաստատում՝ նշեց Փաշինյանը՝ ասելով, որ ժողովուրդը այսօր հավաքվել է՝ հստակ իմանալով, որ պարտության պատճառը՝ բանակը և ժողովրդին թալանածներն են:
«Ուզում են ներշնչել, թե մենք էլ ենք կոռումպացված, թե մենք էլ ենք գող: Մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց ժողովրդի ու հայրենիքի ունեցվածքը չենք գողանա, որովհետև դրանով մենք խաչ կքաշենք մեր գոյության վրա: Ուրեմն՝ վե՛րջ թավիշին: Նախ՝ մենք մեր բանակի կողքին կանգնած ենք, բանակն էլ՝ մեր, երկրորդը՝ ժողովուրդը գիտի, թե մենք ինչո՛ւ ենք պարտվել:
Ժողովուրդն էսօր մի ակնկալիք ունի: Ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել, որ այդ ակնկալիքը չեմ իրականացրել: Ուրեմն՝ այսօրվանից վե՛րջ թավիշին: Ժողովրդին թալանածները այլևս վերադառնալու ճանապարհ ու հնարավորություն չունեն»,- նշեց վարչապետը՝ հայտնելով, որ հանրահավաքը կշարունակվի երթով: