ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ԶՈՒ ԳՇ այսօրվա հայտարարությանը, որում զինվորականները պահանջել են իր ու կառավարության հրաժարականը:
Փաշինյանը հիշեցրեց, որ երեկ որոշում է կայացրել Տիրան Խաչատրյանին ԳՇ պետի առաջին տեղակալի, իսկ այսօր՝ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին: Փաշինյանի խոսքով՝ այդ որոշումներին հետևել է ԳՇ հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իր հրաժարականը:
«Նրանց կողմից նման քայլի պատճառը կարևոր է արձանագրել, և ես այդ արձանագրումն եմ ուզում անել Հանրապետության հրապարակում: Բայց ամենակարևոր խնդիրը, որ մենք այսօր ունենք, ժողովրդի ու քաղաքացիական իշխանության պահպանումն է, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, ես անվանում են ռազմական հեղաշրջման փորձ:
Գիտեք, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա և փորձել եմ ամեն ինչ անել, որ բոլոր հարցերին ես ինքս պատասխանեմ: Բայց մենք եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք սրտի, մեր որոշ բարձրաստիճան զինվորականների հարցեր տալուց չենք կարող խուսափել, որովհետև եթե մենք ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, չենք կարող մի քանի գեներալների հարցեր չտալ, բայց մեր հարգելի մի քանի գեներալների դուր չի գալիս, որ Կառավարությունը կարող է հարցեր ունենալ իրենց:
Բայց դա անխուսափելի է, դա չի նշանակում, որ այդ հարցերի պատասխանների արդյունքում պիտի անպայման ինչ-որ բաներ տեղի ունենան, բայց մենք պիտի անպայման մի շարք հարցերի պատասխաններ՝ կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված, պիտի հասկանանք՝ ինչ կապեր են եղել որոշ քաղաքական շրջանակների և որոշ բարձրաստիճան սպաների միջև, ովքեր էին պատերազմի ընթացքում կապվում բանակի հետ, և փոխանակ ասել՝ ձեր մարտերը տարեք, հորդորում էին իշխանության խնդիրը լուծել»,- հայտարարեց ՀՀ վարչապետը՝ կոչ անելով պահպանել հանդարտություն, ոչ մի ընդվզում չանել, որպես խաղաղ հավաքի մասնակից գնալ հրապարակ:
Վարչապետը զինվորներին կոչ արեց իրականացնել հայրենիքի պաշտպանության իրենց գործառույթները և որևէ դեպքում չկորցնել զգոնությունը:
«Ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ մեր զինվորների վերահսկողության տակ է, և պետք չէ թույլ տալ որևէ ծառայողական գործընթացի հակասող գործողություն: Անթույլատրելի է, որ ԶՈՒ-ը, բանակը զբաղվեն քաղաքականությամբ և հանդես գան քաղաքական գնահատականներով: Այստեղ, բնականաբար, խոսքը ոչ բոլոր զինվորականների մասին է, մեծ մասը պարզապես վերադասի հրամանն է կատարել, բայց ես ուզում եմ ընդգծել, որ նրանց վերադաս է նաև պաշտպանության նախարարը, վարչապետը, և նրանք պարտավոր են ենթարկվել այն օրինական հրահանգներին և հրամաններին, որոնք տրվում են վերադասի կողմից: Այս պահին կարող եմ ասել, որ ԶՈՒ առաջին պետի տեղակալը արդեն դե յուրե ազատված է աշխատանքից և այդպիսի հայտարարությամբ հանդես գալու իրավունք չունի, իսկ ԳՇ պետին ազատելու համար անհրաժեշտ թղթերը ես ստորագրել եմ, և ընթացք է տրված այդ պրոցեսին»,- նշեց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար և նշելով, որ առաջիկայում ԳՇ նոր պետ կնշանակվի: