Հայտնի մարդասեր և բժիշկ Բեռնարդ Քուշները Հայաստան է ժամանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով, որը շարունակում է Հայաստան և Արցախ հրավիրել աշխարհի մարդասիրության ոլորտի առաջատարներին՝ ուսումնասիրելու տեղի բնակչությանն օգնելու և Արցախի միջազգային կարգավիճակին նպաստելու նոր հնարավորություններ:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար և «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Բեռնարդ Քուշներին ուղեկցում են մարդասիրության ոլորտի գործիչներ՝ «Միջազգային համերաշխություն» (Solidarités International) կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեն և Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ Պատրիս Ֆրանսեսկին: Միասին նրանք հնարավորություն կունենան առավել հանգամանալից ծանոթանալու «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող տարածաշրջանային մարդասիրական նախագծերին, որոնք նպաստում են ձեռներեցության զարգացմանը, վերականգնում են ենթակառուցվածքները և խթանում տնտեսությունը:
«Ես երախտապարտ եմ Հայաստան և Արցախ այցելելու հնարավորության համար և արտահայտելու իմ համերաշխությունը պատերազմից տուժածներին»,- ասաց բժիշկ Քուշները:
Բեռնարդ Քուշները համահիմնադրել է Նոբելյան մրցանակի արժանացած «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը 1971-ին, իսկ 1980-ին համահիմնադրել է «Աշխարհի բժիշկներ» կազմակերպությունը: Նա մարդասիրական աշխատանքներ է կազմակերպել Սոմալիում, Սալվադորում, Լիբանանում և Վիետնամում: 2018 թ. պարոն Քուշները միացավ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին, որի կազմում են Նոբելյան դափնեկիրներ, նախկին նախագահներ, հայտնի քաղաքական գործիչներ, ականավոր մարդասերներ և մեծահամբավ իրավապաշտպան ակտիվիստներ: Նրանք մեծարանքի են արժանացնում մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրությունն առաջ մղելու գործում։
Հայաստան ժամանելուց հետո պարոն Քուշներն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: Հաջորդ օրը պատվիրակությունն ուղևորվեց Արցախ՝ հայտնելու իրենց համերաշխությունը և աջակցելու տեղի մարդասիրական ջանքերին, այդ թվում՝ նրանց, որոնք իրականացվում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ:
Ստեփանակերտում պարոն Քուշները և մյուս հյուրերն այցելեցին Քերոլայն Քոկսի անվան վերականգնողական կենտրոն՝ հանդիպելու բուժում ստացող վիրավոր զինվորներին: «Ավրորան» աջակցում է կենտրոնի ենթակառուցվածքային բարելավմանն «Ավրորան՝ Արցախին» ծրագրով: Այն ուղղված է այնպիսի նախագծերի աջակցությանը, որոնք օժանդակում են և խթանում սոցիալական երկարաժամկետ զարգացումը տարածաշրջանում: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն արդեն 581.740 ԱՄՆ դոլար (300.660.500 դրամ) է տրամադրել տեղական և միջազգային 57 նախագծի, որոնք իրականացվում են բազմաթիվ գործընկերների հետ:
«Ես տպավորված էի Լեդի Քոկսի անվան կենտրոնի փիլիսոփայությամբ՝ ամբողջ ընտանիքն ու միջավայրը ներգրավելու բուժական պրոցեսում: Մթնոլորտն այնտեղ հանգիստ էր և դրական: Ես ուրախ եմ, որ «Ավրորան» աջակցում է այս կառույցին, որի կարիքն Արցախն այնքան շատ ունի»,- ասաց բժիշկ Քուշներն Արցախ կատարած այցից հետո:
Փետրվարի 24-ին Քուշների գլխավորած պատվիրակությունը շրջեց Ստեփանակերտի այն շրջաններում, որոնք ամենաշատն էին տուժել պատերազմից: Նրանք զրուցեցին «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող նախագծերի ներկայացուցիչների հետ, այդ թվում HALO Trust-ի, որը քաղաքացիական տարածքները մաքրում է կլաստերային ռումբերից և այլ պայթուցիկներից՝ ստեղծելով անվտանգ տարածք տեղահանված արցախցիների վերադարձի համար:
«Մարդիկ այստեղ շատ լավ գիտեն, որ իրենց գոյությունն, առաջին հերթին, կախված է անվտանգ միջավայրից: Եվ մենք հիմա հասկանում ենք, թե որքան կարևոր է ստեղծել այնպիսի առողջապահական ենթակառուցվածք, որը կհամապատասխանի այս ուժեղ ու քաջ մարդկանց կարիքներին»,- Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցից դուրս գալիս ասաց պարոն Բուանեն:
Երևան վերադարձի ճանապարհին հյուրերը կայցելեն Դիլիջանի միջազգային դպրոց և կշրջեն քաղաքում: Մինչև այցն ամփոփելը՝ ուրբաթ օրը պարոն Քուշները ծրագրում է մասնակցել քննարկման Երևանի պետական բժշկական համալսարանում և այցելել Մատենադարան: