Բանակին ու Զինված ուժերին այսօր ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահմանադրական պրոցեսի մեջ՝ տեղի ունեցածն այսպես գնահատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գլխավոր շտաբի ղեկավար կազմի հայտարարության մասին Փաշինյանը՝ Հանրապետության հրապարակում ելույթի ժամանակ կրկին շեշտեց ավելի վաղ ասածը։
Վարչապետն ասաց՝ հայտարարության տակ ստորագրած գեներալներն ու սպաները դա արել են նրանց բարձրաստիճան հրամանատարների հրամանի ներքո։ Որպես Զինված ուժերի գլխավոր հրամանատար, Փաշինյանը դիմեց Զինված ուժերին ու հստակ հրաման տվեց՝ զբաղվել իրենց գործով։
Խոսելով Կառավարություն-Զինված ուժեր հարաբերություններից՝ Փաշինյանը նկատեց՝ գործադիրը ոչինչ չի խնայել բանակի համար, 2019-ին ռազմական ծախսերն ավելացվել է 50 միլիարդ դրամով, բարձրացել է սպաների, շարքայինների ու պայմանագրայինների աշխատավարձը։ Վարչապետը ցավով արձանագրեց՝ բանակի հաշվին երկար տարիներ հարստացած նախկին իշխանությունը Զինված ուժերում դեռ ունի կամակատարներ ու նրանք պետք է անպայման հեռանան:
Հրապարակ եկած ժողովուրդը գիտի, թե ովքեր են բանակի ու զինվորի հաց գողացողները, միլիոնավոր դոլարների դղյակատերերը՝ շեշտեց Փաշինյանը։
Ժողովրդի իշխանությունը չի կարող դրվել կասկածի տակ՝ ընգծեց երկրի ղեկավարը, նկատեց՝ բոլորը հիմա հետպատերազմական սթրեսի մեջ են, մարդիկ հոգնել են անկայունությունից։ Խոստովանեց՝ եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո մտածել է հրաժարական տալու մասին, բայց միայն ժողովուրդը կարող է որոշել՝ հեռանա՞, թե՞ ոչ, ինչպես որոշեց իր՝ վարչապետ դառնալու ճակատագիրը։ Հիշեցրեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման թեմայով քաղաքական ուժերին հրավիրել է խորհրդակցությունների ու մերժում ստացել։
Վարչապետը տեղեկացրեց՝ հեռախոսով զրուցել է նաև նախագահի հետ ու Արմեն Սարգսյանին ասել, որ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իր միջնորդությունը պետք է ստորագրի։ Գասպարյանին էլ հորդորեց հեռանալ ինքնակամ։
Իշխանությունը երկրում կարող է փոխվել միայն ընտրություններով՝ շեշտեց Փաշինյանը։ Վստահեցրեց՝ բախումներ չեն լինելու, Հայաստանում թշնամիներ չկան։ Քաղաքական ուժերին կոչ արեց դադարեցնել հանրահավանքները, անհնազանդության ակցիաներն ու գնալ խոսակցության։
Թավիշին վերջ կդրվի ու կլինի օրինականության հաստատում՝ ամրագրեց վարչապետը։ Ելույթից հետո վարչապետն իր աջակիցների հետ երթով շրջեց Երևանի փողոցներով: