Փետրվարի 24-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասյան տարածաշրջանի տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:
Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական ոլորտի կարճաժամկետ ու միջնաժամկետ առաջնահերթությունները: Նա կարևորել է 2021 թ. փետրվարի 4-ին ՀՀ կառավարության նիստում ընդունված «Տնտեսական արձագանքման ծրագիրը», որը խնդիր ունի վերականգնել ու կայուն զարգացման վրա դնել երկրի տնտեսությունը: Այդ ծրագրի բաղադրիչների շարքում Տիգրան Ավինյանն առանձնացրել է ինչպես նոր ոլորտները, օրինակ՝ Հայաստանում տեխնիկական կանեփի և այլ մշակաբույսերի մշակման հեռանկարները, այնպես էլ արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող, սակայն «Տնտեսական արձագանքման ծրագրով» ակտիվ փուլ մտած քաղաքաշինական նախագծերը: Այդ համատեքստում քննարկվել են Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման և «Կոնդ» թաղամասի զարգացման ներդրումային ծրագրերը: Փոխվարչապետը հատուկ շեշտել է, որ «Կոնդ» թաղամասի զարգացման ծրագիրն ամբողջովին լինելու է ներառական գործընթաց, որտեղ հաշվի է առնվելու հանրային կարծիքը: Առաջիկա օրերին սպասվում է նաև «Կոնդ» թաղամասի վերակառուցման նախագծի մրցույթի հայտարարումը:
Անդրադարձ է կատարվել նաև «Ինժեներական քաղաքին»՝ որպես պետություն-մասնավոր համագործակցության հաջող օրինակի, որն արդեն ընթացքի մեջ է, և մոտ ժամանակներում հայտարարվելու է շինարարության մրցույթը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև «Նորագյուղ» թաղամասի զարգացան, Հայաստանում ակադեմիական ու նորարարական թաղամասերի ստեղծման հարցերի շուրջ:
Դիմիտրի Գվինդաձեն ներկայացրել է 2020 թ. Հայաստանում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող գործառնությունները՝ նշելով, որ դրանց ծավալը ռեկորդային է եղել՝ 160 մլն եվրո: Նախորդ երկու տարիների աճի դինամիկան պահպանվել է՝ հասնելով գործառնությունների ռեկորդային ցուցանիշի և մոտ 93 տոկոսով բաժին ընկնելով մասնավոր հատվածին: ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող գործառնությունները ընդգրկել են բանկային, էներգիայի ու բնական ռեսուրսների, տրանսպորտային ոլորտները:
Կողմերը քննարկել են նաև համագործակցության հնարավորությունները հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ բնագավառներում: Անդրադարձ է եղել մասնավոր հատվածի մրցունակության և արտադրողականության բարձրացման ուղղությամբ Կառավարության կողմից մշակվող ծրագրերի շուրջ համագործակցությանը: