Հարավկովկասյան երկաթուղու գործարկման արդյունքում կտրուկ կփոխվի տարածաշրջանի տնտեսական պատկերը, իսկ Մեղրիի և Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանների նախագծերով էլ տարածաշրջանի էներգետիկ իրավիճակը կկայունանա,- Երեւան-Մոսկվա-Բաքու-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ նման համոզմունք է հայտնել էներգետիկ ոլորտի ռուսաստանցի փորձագետ Բորիս Մարցինկևիչը:
Բորիս Մարցինկևիչ (էներգետիկ ոլորտի փորձագետ) - Մենք պետք է սկսենք էներգետիկայից, քանի որ այն ցանկացած տնտեսության արյունատար անոթն է։ Եթե Վրաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը կապված են ռուսականի հետ, Հայաստանի դեպքում այն Իրանի հետ է համակցված, նույնը նաև Նախիջևանի էներգետիկ համակարգի դեպքում է։
Ադրբեջանցի փորձագետը ևս կարևորում է տարածաշրջանային ինտեգրումը: Ենթակառուցվածքների գործարկումն ու էներգետիկ խնդիրների լուծումը կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը՝ համոզված է ադրբեջանցի փորձագետը, ըստ որի՝ Հարավային Կովկասը կայուն զարգացման պատմական հնարավորություն է ստացել։
Էլշադ Մամեդով (UNEC-ի պրոֆեսոր, Ռուսաստանի տնտեսագիտական դպրոցի փոխտնօրեն) - Այս տարիներին թե՛ մեր երկիրը, թե՛ հետխորհրդային այլ պետություններ, ունենալով հարուստ բնական պաշարներ, հիմնվել են հումքի արտահանման վրա։ Այսօրվա իրավիճակը հնարավորություն է տալիս, որ մեր տարածաշրջանին վերաբերող որոշումներն այստեղ ընդունվեն:
Մեր տարածաշրջանը համաշխարհային տնտեսությունում պետք է միասնական համարվի՝ վստահ է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Այդ ժամանակ հնարավոր կլինի հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը իրար կապել, ինչը տնտեսապես արդյունավետ կլինի բոլորի համար։ Ըստ Վահագն Խաչատրյանի՝ միասնական էներգետիկ համակարգի ստեղծումը հետաքրքիր գաղափար է։
Վահագն Խաչատրյան (տնտեսագետ) - Իրանը, Հայաստանը, Վրաստանն ու Ռուսաստանը արդեն 2015-ից սկսել են իրականացնել միասնական էներգետիկ համակարգի գաղափարը, որին կարող են միանալ տարածաշրջանի այլ երկրներ ևս։
Որպես տարանցիկ երկիր՝ ինչպիսի ազդեցություն կունենա ճանապարհների բացումը Վրաստանի վրա։ Վրացի փորձագետը վստահ է՝ բեռնափոխադրումները կավելանան, և անհրաժեշտ կլինի զարգացնել ճանապարհային ենթակառուցվածքները։
Իոսիֆ Արչվաձե (տնտեսագետ) - Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների հնարավոր բացումից արդյոք չի՞ նվազի Վրաստանի դերը։ Հարցը Վրաստանում հաճախ էին տալիս, բայց մենք պետք է առաջ նայենք։ Երեք երկիրն էլ կունենան տարանցիկ հնարավորություն, և անհրաժեշտ կլինի զարգացնել ճանապարհային ենթակառուցվածքները։
Փորձագետները վստահ են՝ երկաթուղու, էներգետիկ միջանցքի, բեռնափոխադրումների ավելացումով տարածաշրջանում տարանցիկությունը անհամեմատ կավելանա, ինչը տնտեսական զարգացման նոր հեռանկար կբացի։