Թեև կորոնավիրուսը Հայաստանում զգալիորեն նահանջել է, երրորդ ալիքի բռնկման հավանականությունը մասնագետները չեն բացառում, ավելին՝ դեռ հունվարին էին սպասում: Հնարավոր նոր բռնկումները կանխելու նպատակով մարտին կսկսվեն քովիդի դեմ պատվաստումները: Պատվաստման ենթակա առաջին՝ ռիսկի խմբում ընդգրկված անձինք են փակ հաստատությունների բնակիչները, քրոնիկ հիվանդները, տարեցները և բուժանձնակազմը:
Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Իհարկե, այդ պատվաստումներն առաջնահերթորեն ուղղված են լինելու բուժաշխատողներին, որ աշխատում են Քովիդ հիվանդանոցներում, որոնք առավել վտանգված են: Դրա համար մեր որոշումն է եղել, որ անպայման առաջինը բուժաշխատողներին պետք է պատվաստել:
Աշխարհի շատ երկրների դրական գնահատականի ու հավանության արժանացած ռուսական «Սպուտնիկ V»-ն Հայաստանում կիրառվող առաջին պատվաստանյութը կդառնա, բայց առաջին խմբաքանակն ընդամենը 15 հազար դեղաչափ կկազմի: Հանրապետության մյուս բնակիչներին նույնպես պատվաստանյութով ապահովելու համար միջնորդ՝ Կովաքս Ֆասիլիթի ընկերության հետ մեր երկրի Կառավարության բանակցությունները շարունակվում են:
Լենա Նանուշյան - Հնարավորինս սերտ գործակցում ենք մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարողանանք շուտ ու որակյալ վակցինա բերել Հայաստան:
Ռուսական «Սպուտնիկ V»-ից հետո Հայաստան ներկրվող հաջորդ պատվաստանյութը, հավանաբար կլինի անգլիական արտադրության «Աստրա-Զենեկան»: Ի դեպ, այս պատվաստանյութը վերջին շրջանում միջազգային մամուլում ամենաքննարկված է: Կարծիքներ կան, թե այն արդյունավետ չէ:
Լենա Նանուշյան - Նման մտահոգություններ մյուս պատվաստանյութերի հետ կապված էլ են միշտ հնչում:
Առողջապահության նախարարությունն իմունիզացիայի խորհրդատվական խմբին խնդրել է ևս մեկ անգամ ուսումնասիրել այս պատվաստանյութի հետ կապված բոլոր հարցերը, լրացուցիչ խորհրդակցություններ են անցկացվել առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:
Լենա Նանուշյան - Եզրահանգումը մեկն է, որ պետք է ձեռք բերել «Աստրա-Զենեկան», քանի որ ինքն ապացուցել է իր արդյունավետությունը: Մենք էստեղ նայում ենք, ոչ թե որ մի փոքր տոկոս կա, որ հնարավոր է ինքը վարակվի, այլ այն, որ էս պատվաստանյութերը, որոնք մենք բերելու ենք Հայաստան, իրենք նվազեցնում են ծանր դեպքերը և մահվան դեպքերը:Ոչ թե նվազեցնում, այլ կարելի է ասել՝ բացառում են:
Եվս մեկ պատճառ, թե ինչու են մասնագետները, ամեն դեպքում՝ այս պահին, «Աստրա-Զենեկան» են գերադասել, օրինակ, «Պֆայզերից»:
Փոխնախարարը բացատրում է, որ այս պատվաստանյութի պահման պայմաններն էլ են ավելի պարզ, քան մյուսներինը:
Հաջորդ գործոնը գինն է: Հայաստանն այն երկրներից է, որ ամբողջ բնակությանը պատվաստանյութով ապահովել չի կարողանա: Եվ աշխարհում այդպիսի երկրները քիչ չեն: Չի բացառվում, որ մինչև պետպատվերով առաջարկվող առաջին խումբ պատվաստանյութը հասնի Հայաստան, մասնավոր ընկերությունները սկսեն վճարովի պատվաստանյութեր առաջարկել: Դրանց գինը կարող է տատանվել 4-50 և ավելի դոլարին համարժեք դրամի սահմանում:
Լենա Նանուշյան - Բոլոր երկրները ցանկանում են հնարավորինս շուտ, արագ բերել, բայց արտադրության ծավալները մեծ չեն, շատ քիչ քանակի պատվաստանյութեր են արտադրվում:
Ինչ վերաբերում է պետպատվերով պատվաստումներին, ռիսկի խմբերից հետո երկիր մտած հաջորդ խմբաքանակը բաժին կհասնի ուսուցիչներին, սպասարկման ոլորտի աշխատակիցներին՝ այն մարդկանց, որոնք աշխատանքի բերումով ամենաշատ շփումներն են ունենում և, հետևաբար, գտնվում են վարակման մեծ ռիսկի տակ: