Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նվեր Մնացականյանի հետ զրույցում անդրադարձավ նաև ապաշրջափակմանը ու թե ով է ամենաշահագրգիռ կողմն այդ գործում:
Փաշինյանն ընդգծեց՝ կարծում է, եթե հետևենք ինչ է կատարվում տարածաշրջանում, կտեսնենք, որ բոլորն են շահագրգիռ, առանց բացառության բոլորը: Ռուսաստանն է շահագրգիռ, Վրաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունն է շահագրգիռ, Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանի Հանրապետությունը։
«Այլ բան է, որ յուրաքանչյուրի շահագրգռությունը կամ ունի ընդհանրություններ ուրիշների շահագրգռությունների հետ և տարբերություններ ուրիշների շահագրգռությունների հետ: Պետք է հետևողական քննարկումների արդյունքում կարողանանք հանգել պատկերացումների տարբերությունների մեղմացման և ընդհանրությունների ընդգծման:
Տեսեք, հունվարի 11-ի հայտարարությունից հետո էականորեն ակտիվացել են աբխազական երկաթուղու վերաբացման մասին քննարկումները, ինչը շատ դրական է, ակտիվացել են Պարսից ծոցը Սև ծովին կապելու երկաթուղային գծի շուրջ քննարկումները, և այս շահագրգռությունները, իհարկե, առավել հետաքրքիր են դարձնում թեման:
Կրկին եմ ասում, ինչն ամենևին չի նշանակում, որ այդտեղ չկան մարտահրավերներ: Բայց, միևնույն ժամանակ, արձանագրենք, որ չի նշանակում, թե այնտեղ չկան շատ կարևոր հնարավորություններ, որոնց նկատմամբ ճիշտ դիրքավորվելը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար»,- ասաց վարչապետը։