2018-ի մայիսից մինչև 2020-ի հունիսը զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Արտակ Դավթյանը «Լուրերի» հետ զրույցում անդրադարձել է վարչապետի երեկվա հայտարարությանը՝ պատերազմի օրերին «Իսկանդերը» կիրառելու և դրա ամբողջական չպայթելու վերաբերյալ:
«Կան մի շարք չափորոշիչներ, օրինակ՝ թիրախի խոցման, շարքից դուրս գալու հավանականությունը, խոցման աստիճանը, շեղման աստիճանը: Ես ինչ իմանամ՝ ինչի մասին է եղել խոսքը՝ վարչապետի խոսքի մեջ: Չեմ կարող մեկնաբանել, քանի որ ես չեմ տիրապետում, թե վարչապետն ինչ նկատի ուներ: Հարցը պետք է ուղղեք կա՛մ իրեն, կա՛մ մասնագետներին: Տեխնիկական փաստաթղթերով իրենք ունեն պարբերաբար ստուգումների կարգ, ռեգլամենտ, որը միշտ կատարվել է, ընդ որում՝ կատարվել է ՀՀ ՌԴ-ից մասնագետներ հրավիրելով»,- հայտարարել է նա:
Զենքի որակի հետ կապված հարցին ի պատասխան՝ Դավթյանը նշել է. «Բոլոր աշխատող սարքերը փչանալու հնարավորություն ունեն՝ ինչ-որ ռեսուրս ծախսելուց հետո: Զորավարժությունների ժամանակ, որ հանում-օգտագործում էինք, ուսուցանում էինք անձնակազմին՝ դա ռեսուրս չի՞, կամ զենքը եթե չի օգտագործվում, նույնպես կարող է փչանալ, կարող է փչանալ անձնակազմի ոչ ճիշտ շահագործման արդյունքում, վթարի արդյունքում և այլն, ամեն ինչ էլ հնարավոր է, որ լինի»: