Գրիգոր Վարդանյան - Շատ ամուր մանկապարտեզ է․ մեզ համար է, մեր գյուղի համար:
Զարթոնքցիներն իրենց համայքի մանկապարտեզն իրենց ձեռքով են կառուցում։ Բոլորն էլ գործի վարպետներ են․ Ռուսաստանում շենք-շինություններ են կանգնեցրել։ Համավարակի պատճառով չկարողացան մեկնել արտագնա աշխատանքի։ Լավ է, որ սուբվենցիոն ծրագիրը նաև իրենց գյուղ մտավ՝ տղամարդկանց աշխատանք տվեց, երեխաներին՝ պարտեզ ունենալու շոշափելի հեռանկար։
Ֆրոբել Բժոյան (Կապալառու ընկերության ներկայացուցիչ) - Ներկա պահին ավարտել են բետոնապատման աշխատանքները, սկսում ենք տանիքի կառուցապատումը։
Մանկապարտեզը կառուցվում է պետության և համայնքի՝ 50-ական տոկոս մասնակցությամբ։ Կորոնավիրուսն ու պատերազմը փոքր-ինչ դանդաղեցրին շինարարության ընթացքը։ Բայց կռիվ գնացած տղամարդիկ վերադարձան ու արագ անցան գործի։ Երբևէ մանկապարտեզ չունեցած գյուղում բոլորը դրա շահագործմանն են սպասում։
Սամվել Աղաջանյան (Զարթոնք համայնքի ղեկավար) - մինչև գարուն կավարտենք առաջին փուլը, մինչև տարեվերջ՝ 2-րդը: Գումարի խնդիր չկա, Կառավարությունն էլ իր աջակցությունը կցուցաբերի՝ գումարի տեսքով, և կունենանք գեղեցիկ մանկապարտեզ։
8-10 աշխատատեղ կբացվի։ Ցանկացողներն արդեն մրցույթի հերթում են։
Հովհաննես Չոբանյան - Մի բան էլ իմ կողմից ես անեմ, որ երեխաս գա մանկապարտեզ, լավ լինի...
Այս մանկապարտեզն էլ Արաքս գյուղում է։ Այստեղ ևս գյուղի տղամարդիկ են աշխատում։ Ի տարբերություն Զարթոնքի՝ Արաքսում պարտեզ եղել է, բայց Սովետի փլուզումից հետո չի գործել։ Պետության և համայնքի միջոցներով այստեղ էլ ամրացրել են շենքը, վերակառուցել, թեթևակի փոփոխություններ արել։
Ամեն խմբասենյակ առանձին խոհանոց կունենա։ Չորս բաց պատշգամբն էլ հնարավորություն կտան տաք օրերին պարապմունքներն անցկացնել մաքուր օդում։ Առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են։ Շինարարները վստահ են՝ ամուր շենք են հանձնելու։
Պապ Պետրոսյան (աշխղեկ) - Մինչև 10 բալի պետք է որ դիմանա:
Ջեռուցման համակարգ էլ են տեղադրել, բայց գազ չունեն, որ շենքը տաքացնեն։ Մինչև գյուղի գազիֆիկացման հարցը լուծելը այլընտրանքային տարբերակներ կկիրառեն։ Իսկ պարտեզի գույքը կգնեն համայնքի միջոցներով։
Վարդան Գրիգորյան (Արաքս համայնքի ղեկավար) - Մոտ 80 երեխայի համար է նախատեսված, մայիսի վերջին էլ բարեկարգման աշխատանքները կավարտենք, սեպտեմբերից կաշխատենք։
Մարզում, վերջին երկու տարում նախակրթական հաստատությունների կառուցման ու վերակառուցման 26 ծրագիր է հաստատվել։ Մանկապարտեզների մի մասն արդեն շահագործվում է, մյուսները կառուցման ընթացքի մեջ են։
26 մանկապարտեզի շահագործմամբ՝ մարզի գյուղական համայնքներում այդ հարցը կփակվի։ Հարյուրավոր գյուղաբնակ երեխաներ անհամբեր սպասում են մանկապարտեզ հաճախելուն։