Նվեր Մնացականյանի հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահն ասում է, որ եթե ինքը լիներ պետության ղեկավարը, պատերազմում պարտություն չէինք կրի, ի՞նչ հիմնավորմամբ է դա ասում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Կարող է ասածս մի քիչ զավեշտալի թվալ, բայց ցանկացած ոք, ով 2020թ. սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին չի եղել Հայաստանի ղեկավար, կարող է այդ նույն բանն ասել: Եվ ոչ մեկ հակառակը չի կարող ապացուցել: Հարցնե՞նք: Ցանկացած ոք՝ անկախ կենսագրությունից, անուն-ազգանունից, կարող է ասել, որ եթե ես լինեի, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել: Մենք չէինք պարտվի: Եվ այլն, և այլն: Բայց նաև մենք պետք է իրապես հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը: Շատ լավ, եթե սա պարտություն է, որը ծագել է երկու տարվա կամ երկու ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա:
Թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի է ունենում վերլուծական աշխատանք, որը շատ կարևոր է: Իհարկե, նաև տեղյակ եք, որ 1000-ից ավել քրեական գործ կա ամենատարբեր առիթներով: Սա չի նշանակում, որ բոլոր այդ 1000 գործերը կգնան դատարան և դատավճիռ կլինի: Բայց ես նկատի ունեմ, սա ուսումնասիրության գործընթաց է, որն արդեն տեղի է ունենում:
2019 թվականին՝ 2018 թվականի համեմատ, առաջին անգամ մեր կառավարությունը ներկայացրել է պետական բյուջե: Եվ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 23 տոկոսով՝ շուրջ 50 մլրդ դրամով, պաշտպանական, ռազմական ծախսերն ավելացել են: Մեր առաջին գործողություններից մեկը եղել է հենց Զինված ուժերի մարտունակության բարձրացումը:
Սպառազինության և տեխնիկայի գնման պլանի մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Եվ նրանք, ովքեր պնդում էին, թե նման փոփոխություն տեղի ունեցել է, իրենք հենց հրապարակային իրենց ասածը հերքել են: Բայց շատ կարևոր է արձանագրել, իսկ ի՞նչ է ասել Գլխավոր շտաբի նախկին պետը: Շատ լավ, մենք գրում ենք, որ պետք է գնենք: Իսկ ո՞վ է, որ մեզ վաճառելու է այն որակյալ տեխնիկան, որը մեզ անհրաժեշտ է: Սա նույնպես կարևոր հարց է: Եվ այդ տեխնիկան ձեռք բերելու ճանապարհին արվում են քաղաքական ու դիվանագիտական քայլեր, որոնք կարող են միանշանակ չընդունվել դաշնակիցների և բարեկամների կողմից և այլն, և այդպես շարունակ:
Շատ կարևոր արձանագրում. օրինակ, տեսեք, վարչապետ ընտրվելուց հետո, ես ինչպիսի քայլեր եմ ձեռնարկել բանակի և զինված ուժերի նկատմամբ: Վարչապետ եմ դարձել հեղափոխությամբ: Եվ ամենապահպանողական քաղաքականությունը վարել եմ Զինված ուժերի ոլորտում: Պաշտպանության նախարար եմ նշանակել մի մարդու, ով մերժվածի իշխանության օրոք երկար տարիներ եղել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և միակ մարդն է եղել, որ 2018թ. մերժվածի կառավարությունում ունեցել է նախարարի կարգավիճակ ու իմ կառավարությունում նույնպես շարունակել է ունենալ նախարարի կարգավիճակ»,- ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ այն բանակը, որ մենք ունեցել ենք 2020թ., դա նույն բանակն է, որ մենք ունեցել ենք 2018թ., այն տարբերությամբ, որ այստեղ բարձրացվել են սպայական և շարքային կազմերի աշխատավարձերը, որ ռազմական ծախսերն աճել են 20 և ավելի տոկոսով: Մի տարում ռազմական ծախսերը 20 և ավելի տոկոսով աճել են:
«Եվ մենք լուծել ենք բազմաթիվ հարցեր՝ սկսած կենցաղայինից, կներեք արտահայտությանս, վարտիքից սկսած մինչև սնունդ, սպառազինություն և այդպես շարունակ: Եվ Զինված ուժերի գործունեության իմ կանխավարկածը, եղել է այն, որ այդտեղ քաղաքական և հեղափոխական միջամտություններ ընդհանրապես պետք է չլինեն:
2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել: Եվ եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ: Մենք խնդիր ենք դրել, պարտադրել, որ մատակարարումներն իրականացվեն: Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այդ զենքի մատակարարման վատ խողովակը չի կարելի փակել, քանի դեռ դու չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ թեկուզ նույնպիսի վատ խողովակ, կամ մի վատ խողովակը փոխարինել մի այլ վատ խողովակով: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակաշրջանում: Որովհետև այդպես չէ, որ միանգամից, մի ինչ-որ ժամանակ դատարկ է մնալու, իսկ ո՞վ է երաշխավոր, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը:
Հենց 2018-ից ի վեր, բանակի կոռուպցիոն մեխանիզմների հետ կապված տասնյակ քրեական գործեր են հարուցվել, և դրանց նպատակը եղել է իրավիճակը շտկելը: Ի դեպ, բանակում այնպիսի խնդիրներ են եղել, որոնք պետք է չլինեին: Սկսած նրանից, որ, օրինակ, երբ զինվորներին արձակուրդ են տալիս և գումարը չեն տալիս, ասում են՝ մեքենա կգա քեզ կտանի: Այսինքն՝ եղել են այս կարգի պրոբլեմներ, որոնք նաև էական ազդեցություն են ունեցել բանակի շուրջ մթնոլորտի վրա: Եվ ես բազմիցս ասել եմ, որ բանակը մեր երկրում ունի անառարկելի հեղինակություն, և մեր խնդիրն է՝ բանակում ծառայության հեղինակությունը, որն անհամեմատ ցածր է բանակի հեղինակությունից, հավասարեցնել բանակի հեղինակությանը»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, որ Սերժ Սարգսյանն ասում է, թե զարմացած է՝ ինչո՞ւ պատերազմի երրորդ կամ չորրորդ օրն «Իսկանդերը» չի կրակել, արդյո՞ք այդ ակնարկը վարչապետին է հասցեագրված, Փաշինյանն ընդգծեց․
«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց, կարծում եմ, որ մերժվածը պետք է բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի։ Իսկ գուցե պատասխանեն, իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով, օրինակ»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով այն հարցին, որ Սարգսյանը նաև նշել է, թե երրորդ անգամ առաջադրվել էր, որ իրագործեր Լավրովյան պլանը, վարչապետն ընդգծեց, թե ի՞նչն էր խանգարում նրան, որ դա աներ դրանից առաջ։
«Որտե՞ղ է երաշխիքը, որ պետք է փորձեր դրանից հետո կամ ի՞նչն էր խանգարում ԱԺ ամբիոնից դա հայտարարել։ Այլ բան էր հայտարարվում, որ հույս չկա, բանակցային գործընթացից հույս չկա։ Եվ ամեն վայրկան կարող է սկսվել պատերազմ, իսկ այդ վայրկյանին, 2018 թվականի գարնան այդ վայրկյանին, ինչքան արկ կար մեր բանակի զինանոցում: Կարելի է ասել՝ այ, որ 3 օր էլ ձգեի, Ղարաբաղի հարցը կլուծեի:
Բայց, ի վերջո, պատմություն կա և այդ պատմությունը բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել: Երբ այդ մարդիկ իշխանության էին գալիս 1998 թվականին, նրանք ասում էին, որ անթույլատրելի է տարածքներ հանձնելու և փուլային տարբերակով հարցը լուծելու որևէ մոտեցում: 1998 թվականից հետո էլ չի եղել բանակցային մի այդպիսի մոդել, որտեղ հստակ ձևակերպված չլինի 7 տարածքների վերադարձն Ադրբեջանին: Սա որպես նվազագույն պայման:
Եվ բանակցային բոլոր փաստաթղթերը ձևակերպված են եղել հենց այդպես, որ հարցի կարգավորման նպատակն է 7 շրջանների վերադարձն Ադրբեջանին: Սկսել է դրանից, իհարկե, խոսք է եղել նաև Արցախի կարգավիճակի մասին: Բայց ի՞նչ կարգավիճակի հեռանկարներ են գոյություն ունեցել: Սա է ամենակարևոր հարցը»,- ասաց Փաշինյանը: