Դավիթ Հախվերդյան (Ալիկ Հախվերդյանի հայրը) - Ասաց` վրձիններն ու ներկերը ոնց թողնում եմ, սենց էլ կթողես, որ հետ գամ` շարունակեմ: Ըտենց էլ պահել եմ մինչև հիմա:
Նկարակալին վերջին գործն էր` Մոնթեի նկարը: Ավարտել էր զինվորական ծառայության մեկնելուց մեկ օր առաջ՝ 2020-ի օգոստոսի 8-ին: Հաղարծին գյուղի Հախվերդյանների ընտանիքի միակ տղայի բոլոր ստեղծագործություններն ու իրերը տանը ամենուր են, բայց այս մի սենյակը թանգարան է հիշեցնում. երաժշտական գործիքներ, փայտաշեն աշխատանքներ, գեղանկարներ` ներաշխարհի ողջ գունապնակով; Գերազանցությամբ է ավարտել Դիլիջանի գեղարվեստի դպրոցը, վրձնած գործերը հասել են տարբեր երկրներ, խոսուն են նաև սեղանին խնամքով շարված տասնյակ մրցանակները:
Դավիթ Հախվերդյան - Երևանում 1-ին տեղ է գրավել, ներկայացրել են Ֆինլանդիայում՝ 1-ին տեղ է բռնել, նրա նկարների ցուցահանդեսն է եղել Մոսկվայում:
Հրապուրված էր նաև արևելյան մարտարվեստով, ուզում էր ուժեղ լինել ոչ միայն հոգով, այս մարզական գործիքն էլ ինքն է պատրաստել: Թումո հաճախելուց հետո էլ գլխում պտտվում էր թռչող սարքեր պատրաստելու միտքը՝ հիշում է հայրը: Բազում նախասիրություններից ընտրեց ճարտարապետի մասնագիտությունը:
Դավիթ Հախվերդյան - Ասաց՝ պիտի շենքեր կառուցեմ, մեր Հայսատանին պիտանի մարդ դառնամ: Ասաց՝ պապ, ես պիտի թռչող սարքեր էլ սարքեմ, Հայաստանի զինվորականի համար:
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր ճարտարագիտական համալսարան, բայց ուսումից առաջ նախընտրեց կատարել պարտքը Հայրենիքի հանդեպ, մոտ մեկուկես ամիս անց առաջնագծի մարտիկ էր՝ աննահանջ ու անվախ: Կամավորական ընկերները զարմացել էին նորակոչիկների խիզախությունից՝ պատմում է հայրը: Վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 10-ին: Տանը մասունքի պես են պահում Ալիկի արյամբ ներկված զինգրքույկը, ճակատում թղթի փոքր կտորների վրա արված ճեպանկարները և թշնամու արկի մի բեկոր` իր փորագրությամբ:
Դավիթ Հախվերդյան - Այստեղ գրված է՝ Ալիկ Հախվերդյան, հեռավորությունը՝ 6-7 մ, հոկտեմբերի 5-ի օրն է, 2 տեղ գրած է՝ թուրք, թուրք...
Հաղարծին գյուղի դպրոցի թանգարանի աչքի զարնող իրը Ալիկի պատրաստած` 115-ամյա դպրոցի հին շենքի փայտակերտ մակետն է, դասարանում էլ, որտեղ սովորել է, հիշատակ է թողել:
Արմինե Թամրազյան (Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի դպրոցի ուսուցչուհի) - Դասարանի երեխաները մի քանի օր առաջ հավաքվեցին, նստեցին ամեն մեկը իր տեղում, Ալիկի տեղը, ասացին, բոլորս կնստենք, որ բացակա չդնեք:
Բացակա չեն դնում նաև մյուս նահատակներին:
Գոհար Թամամյան (Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի դպրոցի տնօրեն) - Այս պատերազմում Ալիկից բացի ունենք ևս 3 զոհված շրջանավարտներ, որոնց հիշատակի համար թանգարանի մի անկյունը կնվիրենք նրանց:
Որդու պատրաստած նետ ու աղեղը Ալիկի հայրը դժվարությամբ էր պահում ձեռքում, ասում է` ռազմիկի ոգի ուներ:
Դավիթ Հախվերդյան - Ասում էր՝ որսի կգնամ սրանով:
Քաջի նետն արձակվեց դեպի անմահություն: