Ադրբեջանը գաղտնի կերպով սպառազինություն է վաճառել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը՝ հեղինակավոր Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը նոր զեկույց է հրապարակել:
2020-ի հունվարին Մարմարա ծովի արևելյան ափին՝ Թուրքիայի նավահանգիստներից մեկում, նավը բեռնվել է մեծաքանակ զինամթերքով: Գրանցված լինելով Վանուատուի նավահանգստում՝ հրթիռներով ու պայթուցիկներով բեռնված նավն Ադրբեջանից ուղղություն է վերցրել դեպի Կոնգո:
Ըստ անկախ լրագրողների հետաքննության՝ 2015-ից ի վեր Կոնգոն Ադրբեջանից գնել է շուրջ 500 տոննա զենք, այդ թվում՝ 775 ականանետային արկ և ավելի քան 400 արկղ հրթիռ, որոնք նախատեսված են եղել բեռնատարների թիրախավորման համար: Ընդհանուր առմամբ Կոնգո է տեղափոխվել ավելի քան 100 տոննա սպառազինություն:
Սպառազինության արժեքը գնահատվում է տասնյակ միլիոնավոր դոլարներ. դա Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Կոնգո ուղարկած սպառազինության 17 նավից վերջինն էր:
Կազմակերպության անդամներին մտահոգել է փաստը, որ զինամթերքի վաճառքը Բաքուն որևէ փաստաթղթով չի արձանագրել, նույնը վերաբերում է նաև Կոնգոյին: Այս բացահայտումից հետո Կոնգոյի ընդդիմությունը մտահոգություն է հայտնել: Զեկույցի հեղինակները նշում են՝ Կոնգոյի ընդդիմության կարծիքով՝ սպառազինության համալրումն ուղիղ կապ ունի մարտի 21-ին սպասվող ընտրությունների հետ: Ընդդիմությունը բազմիցս հայտարարել է՝ Ադրբեջանն ուղղակի մասնակից է երկրում տիրող անօրինականություններին: Նրանք ահազանգում են՝ քանի դեռ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է զենքի վաճառքը, Կոնգոյի Հանրապետությունում բռնությունները շարունակվելու են: Հետաքննությունը նաև պարզել է, որ 2016 և 2017 թթ. Կոնգո զենքի առաքման որոշ խմբաքանակի ֆինանսավորումն իրականացրել է Սաուդյան Արաբիան: