«Հայրենիքի փրկության շարժման» մի խումբ ակտիվիստներ այսօր անհնազանդության ակցիա են իրականացրել ԵՊՀ-ում:
Շարժման ներկայացուցիչներից Հայկ Մամիջանյանի խոսքով՝ իրենք «բազմաթիվ անակնկալներ են մատուցելու», և այսօրվա ակցիան կրելու է իրազեկման բնույթ:
Ակտիվիստների մուտքը ԵՊՀ ոչ ոք չի խոչընդոտել: Նրանք անարգել շրջել են համալսարանի տարածքում՝ հնչեցնելով վարչապետի հրաժարականի կոչեր:
Ակցիայի մասնակիցները ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին հորդորել են հայտնել, թե ինչ դիրքորոշում ունի, ինչին ի պատասխան՝ Գևորգյանը պատասխանել է, որ իր կարծիքը հայտնել է նոյեմբերի 20-ին՝ «որ այս կառավարությունը պետք է հեռանա, սակայն դա չի նշանակում, որ պետք է ամբողջ հանրային կարգը տապալել»:
«Հիմա դուք դա եք տապալում»,- ասել է ռեկտորի պաշտոնակատարը:
Շարժման մասնակիցները այնուհետև քայլել են դեպի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան: Նրանց չի հաջողվել համալսարան մուտք գործել գլխավոր մասնաշենքից, ակցիայի մասնակիցները ՀՊՏՀ են մուտք գործել մյուս մասնաշենքից՝ ուսանողներին կոչ անելով միանալ իրենց:
Անհնազանդության ակցիան այնուհետ ավարտվել է:
Ցուցարարները հայտարարել են, որ իրենց հետագա գործողությունների մասին ըստ անհրաժեշտության կտեղեկացնեն: