Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ու թուրքական զինված ուժերի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերի առնչությամբ: Այդ մասին նախարարը նշել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի ժամանակ՝ հաղորդում է «Արմենպրեսը»:
«Մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը մշտապես վատթարանում է հակամարտությունների ընթացքում: Մենք դրա ականատեսը եղանք Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությամբ իրականացված հարձակման ժամանակ, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղն ավերվեց»,- հայտարարել է նա:
Ժան Ասելբորնն անդրադարձել է նաև Թուրքիայում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումներին՝ ասելով. «Ժողովրդավարության ոգին ապրում է երկխոսության և գաղափարների քննարկման մեջ: Երբ խոսում է մեկ ձայն, սովորաբար դա լինում է ամենաուժեղի, բռնաճնշումների ձայնը»: