«Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի իրականացմամբ երկու կողմի ապրանքների 80 տոկոսը փոխանակվելու է զրոյական սակագներով»,- ասել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարի միջազգային հարցերով խորհրդականը: Այդ մասին հաղորդում է Pars Today-ը:
ԵԱՏՄ-ի առաջին բացառիկ ցուցահանդեսի շրջանակում անցկացված մամուլի ասուլիսում Միրհադի Սեյեդին ասել է. «Իրանի և ԵԱՏՄ-ի միջև գործող համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 16 ամիս առաջ, արտոնյալ առևտրային համաձայնագիր է, ըստ որի` ԵԱՏՄ-ի 502, իսկ Իրանի՝ 382 անուն ապրանքի համար արտոնյալ սակագին է սահմանվել: Ընդունված որոշման համաձայն՝ որոշ ապրանքների մաքսային սակագները նվազել են, իսկ որոշներինը՝ զրոյացվել»,- հավելել է նա:
«Անցած տարի արտոնյալ առևտրային համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց ի վեր Իրանից Եվրասիա արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով: Այս համաձայնագիրը բխում է երկու կողմի շահերից»,- ասել է Սեյեդին:
«ԵԱՏՄ-ն շուկա է, որին մեր մրցակիցները հասանելիություն չունեն: Ուստի մեր տնտեսական ակտիվիստներն ու առևտրականները հեշտությամբ կարող են աշխատել այս շուկայում, և երկու կողմերի առևտուրը ներկայիս 3.5 միլիարդ դոլարից հասցնել ավելի քան 30 միլիարդ դոլարի»,- նշել է Սեյեդին: