Արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում տարբեր աստիճանի վնասվածք ստացած 150 մարդ այսօր պրոթեզավորման կարիք ունի: Պրոթեզավորման նոր ընթացակարգի համաձայն՝ բժշկական եզրակցությունը տալիս է հատուկ բազմամասնագիտական հանձնաժողովը: Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանի՝ 150-ից 99-ի դեպքում արդեն կատարվել է կարիքի գնահատում:
Վերջին տվյալների համաձայն՝ պատերազմից հետո հաշմանդամության կարգ է ստացել 600 անձ. առաջին խմբի հաշմանդամություն ունի 82, երկրորդ խմբի՝ 173, և երրորդ խմբի՝ 335 մարդ: Եվս 150 անձի համար հաշմանդամություն չի սահմանվել, որոնք, սակայն, նույնպես դուրս չեն մնացել աջակցության ծրագրերից:
Պրոթեզավորման անհրաժեշտության դեպքում շահառուն նախարարության տրամադրած պետական հավաստագրով կարող է ինքն ընտրել այսօր Հայաստանում գործող որակավորված 4 պրոթեզարաններից մեկը: Փոխնախարարն ընդգծում է՝ շահառուին տրամադրվում է պրոթեզարանների մասին ամբողջական տեղեկատվություն՝ նրան ընձեռելով ընտրության հնարավորություն: Փոխնախարարի գնահատմամբ՝ այս պահին արտերկրում պրոթեզավորման անհրաժեշտություն չկա:
Ըստ Տաթևիկ Ստեփանյանի՝ այժմ կառուցման ընթացքում է ևս երկու պրոթեզարան, որոնք բարեգործական կազմակերպությունների ու մասնավոր հատվածի նախաձեռնությունն են և կարող են լավ մրցակցություն ստեղծել արդեն գործողների համար: